Մատչելիության հղումներ

Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար


Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը։

«Մաքսային պետական կոմիտեի համապատասխան անցակետը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ։ Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեհթիևը։

Այն կապակցությամբ, թե կձեռնարկի արդյոք հակառակ՝ հայկական կողմը նույնպիսի քայլեր, ադրբեջանցի պաշտոնյան դժվարացել է որևէ բան ասել։ «Իրենք են որոշելու՝ ինչ են անելու, երբ մեր մեքենաները մուտք գործեն հակառակ կողմ», - նշել է Սաֆար Մեհթիևը։

Դեռ այս տարվա սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում, ապա ադրբեջանցիներն սկսեցին նաև գումար պահանջել վարորդներից։ Հայաստանի քաղաքացիները, այդուհանդերձ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահների ուղեկցությամբ մինչև նոյեմբերի 10-ը օգտվում էին ճանապարհից: Նոյեմբերի 11-ից ԱԱԾ սահմանապահներն արդեն հայկական համարանիշներով մեքենաներին ևս արգելեցին այդ ճանապարհով երթևեկել, քանի որ տվյալ հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետեր էր տեղադրել։

Հայկական կողմը նույնպես հայտարարել է ճանապարհի տվյալ հատվածում մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր տեղադրելու մտադրության մասին։

XS
SM
MD
LG