Մատչելիության հղումներ

Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում է


Իրանական զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում
Իրանական զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում

Պաշտոնական Բաքուն ու Թեհրանն այսօր դիվանագիտական ամենաբարձր՝ արտգործնախարարությունների մակարդակով սկսեցին միմյանց կշտամբել ու քննադատել։

«Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել», - ժամեր առաջ հայտարարեց Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայեթ Խաթիբզադեն՝ կրկին ընդգծելով, որ Թեհրանը չի պատրաստվում համակերպվել սիոնիստական ռեժիմի ներկայության հետ սեփական սահմանների մոտ. - «Իրանը կատակ չի անում իր անվտանգության հարցում: Մեր հարևանները շատ լավ գիտեն այս մասին։ Մենք հստակ փոխանցել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանին, և նրանք խոստացել են քննարկել դրանք։ Անընդունելի է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզվեն երրորդ երկրի պատճառով»։

Ավելի վաղ Խաթիբզադեի ղեկավարը՝ Իրանի արտգործնախարարն էր անդրադարձել Ադրբեջանի հետ հարաբերությունների՝ ոչ պակաս կոշտ ձևակերպումներով։

«Մենք զգուշացրել ենք Ադրբեջանի իշխանություններին, որ սիոնիստական վարչակազմի ներկայությունը իրենց երկրում չի բխում մեր տարածաշրջանի շահերից», - ասել էր արտգործնախարար Հոդեյն Ամիր Աբդոլահիանը՝ Հըզբոլահի կողմից ֆինանսավորվող al-Manar հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

Աբոդլահիանը չի թաքցրել, որ Իրանի բանակը շաբաթներ առաջ հենց այդ նպատակով էր Ադրբեջանի սահմանին վարժանքներ կազմակերպել. - «Հյուսիսարևելյան շրջաններում մեր զորավարժությունների ուղերձը խաղաղությունն էր ու բարեկամությունը հարևանների հետ, իսկ նպատակը՝ կանխել սիոնիստական վարչակազմի ու ծայրահեղակն խմբավորումների ներթափանցումը մեր տարածաշրջան»։

Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ․ Արտգործնախարարության խոսնակն այսօր, առանց դիվանագիտական ձևակերպումների, պնդեց, թե Թեհրանը զրպարտչական ու սադրիչ քաղաքականություն է վարում Ադրբեջանի դեմ։

«44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել», - պնդել է Լեյլա Աբդուլաևան՝ զգուշացնելով, թե «հակաադրբեջանական այս արշավը ամենևին չի բխում Իրանի շահերից»։

Կողմերի միջև հեռակա բանավեճը, սակայն, այսքանով չի սահմանափակվել։ Նախօերին է՛լ ավելի աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել Իրանի իրավապահ ուժերի սահմանապահ զորքերի հրամանատար Ալի Գուդարզին։ Գեներալ-մայորը մասնավորապես պնդել էր, թե Բաքուն հենց իսրայելական ուժերի դրդմամբ է նոր կարգուկանոն սահմանել Իրանից Հայաստան գնացող ճանապարհին, որի 21 կիլոմետրը ղարաբաղյան վերջին պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Իսրայելցիները գիտեն, որ Իրանն այնպիսի զսպող ուժ ունի, որ իմաստ չունի օպերատիվ ուժ տեղակայել մեր սահմանների մոտ։ Նրանք ընդամենը կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, կամ արգելել բեռնատարների մուտքը և բարձրացնել դրանց մուտքի վճարները», - ասել է իրանցի գեներալը՝ ավելացնելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիները առավել ակտիվ են Ադրբեջանում։

Իրանցի գեներալի այս պնդումներից հետո, այսօր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ հորդորելով Թեհրանին «ավելի պատասխանատու լինել և ձեռնպահ մնալ կեղծ կամ սադրիչ տեղեկություններից»։

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զինված է ամենաարդիական սարքավորումներով, և սեփական սահմանների անխախտելիությունն ապահովելու հարցում օտարերկրյա ուժերի աջակցության կարիքը չունի», - ընդգծել է պետական ծառայությունը։

Երկու հարևանների միջև լարվածությունը հրապարակավ սրվեց շաբաթներ առաջ, երբ Ադրբեջանը մաքսատուրքեր սահմանեց Իրանից Հայաստան բեռներ տեղափոխող մեքենաների համար, երկու իրանցի վարորդների էլ ձերբակալեց՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։

Արձագանքելով այս խնդրի շուրջ Թեհրանից հնչող քննադատությանը՝ Բաքուն այսօր ակնարկել է, որ նոր կանոններն ու մաքատուրքերը վերանայելու միտք չունի։

«Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետանոց հատվածին, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, ապա այդտեղ սահմանապահ ու մաքսային վերահսկողության կիրառումը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը։

Երկու հարևաններիր միջև օր-օրի սրվող այս հարաբերությունների ֆոնին իրանական լրատվամիջոցները հաղորդում են, թե արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը պատրաստվում է մեկնել Բաքու և Երևան։ Այցի ժամկետներն ու օրակարգը, սակայն, դեռ չի հստակեցվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG