Մատչելիության հղումներ

Թեհրանն ու Բաքուն երկկողմ հարաբերությունները նոր էջից են սկսում


Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Նախօրեին պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող Իրանի արտգործնախարարը, որն այդ պաշտոնում Բաքու է ժամանում առաջին անգամ, հայտարարել է, թե պատրաստ են ավարտին հասցնել ընթացիկ համատեղ նախագծերը և աշխատել նոր համաձայնագրերի ուղղությամբ։

Իրանը նաև մտադիր է մասնակցել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին։ Այս մասին Հոսեյն Ամիր Աբդոլահիանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Երկու երկրների հարաբերություններում բացվել է նոր էջ։ Մենք պատրաստ ենք ավարտին հասցնել բոլոր նախորդ նախագծերը և սկսել աշխատել նոր երկկողմ համաձայնագրերի ուղղությամբ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը անդրադարձել է նաև այսպես կոչված «3+3» հարթակում Թեհրանի մասնակցությանը, շեշտել, որ այդ ձևաչափով համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Նախարար Աբդոլահիանը կրկնել է պաշտոնական Թեհրանի կողմից վերջին շրջանում ամենահաճախակի հնչող հայտարարություններից մեկը՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա։ Նա չի հստակեցրել, թե որ երկրներին է ուղղված իր խոսքը, և որ արտաքին ուժի ներկայությունն է մտահոգում Իրանին։ Բայց նույնիսկ ոչ հասցեական այդ հայտարարության հետ Ադրբեջանի նախագահը համաձայնել է։

«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում, Բաքուն դեմ է արտաքին ուժերի ցանկացած միջամտության», - արձագանքել է Իլհամ Ալիևը։

Թեհրանն ու Բաքուն երկկողմ հարաբերություները խորացնելու պատրաստակամության մասին են հայտարարում

Թեհրանն ու Բաքուն երկկողմ հարաբերություները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում խորացնելու պատրաստակամության մասին են հայտարարում՝ երկու երկրների միջև ամիսներ տևած աննախադեպ լարվածությունից հետո։

Հարևան պետությունների հարաբերությունները սրվել էին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Բաքուն սկսեց մաքսատուրքեր պահանջել Իրան-Հայաստան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներով անցնող իրանական բեռնատարներից։ Ադրբեջանը նաև մեղադրում էր Իրանին «առանց Բաքվի համաձայնության, ապօրինի Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու համար»։ Թեհրանն էլ իր հերթին Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։

Շաբաթներ տևած փոխադարձ կոշտ մեղադրանքներից հետո կողմերն այժմ հավաստիացնում են, թե իրենց հաջողվել է հարթել կնճռոտ հարցերն ու «թյուրըմբռնումները»։

«Շնորհավորում եմ Ադրբեջանին՝ իր տարածքները օկուպացիայից ազատելու համար։ Ադրբեջանը մեր ամենամերձավոր և լավ հարևաններից մեկն է»,- ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարում է Իրանի արտգործնախարարարը։

Ալիևն ու Ռաիսին պայմանավորվել են համագործակցության նոր՝ քառակողմ ձևաչափ ստեղծել

Երկու երկրների հարաբարերությունների ջերմացման վկայությունը թերևս հաճախակի դարձած երկկողմ շփումներն են։ Վերջին շաբաթներին երեք անգամ հանդիպել են արտգործնախարարները, մեկ անգամ էլ նախագահները։

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախագահներ Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռաիսին պայմանավորվել են Իրանի տարածքով թուրքմենական գազն արտահանել Ադրբեջան։ Նախարար Աբդոլահիանի խոսքով՝ նախագահները պայմանավորվել են նաև համագործակցության նոր ձևաչափ ստեղծել։ Համագործակցության այս նոր հարթակում էլ կընդգրկվեն Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Թե ինչի շուրջ է լինելու քառակողմ այդ համագործակցությունը, իրանցի նախարարը չի մանրամասնել։

Մինչ այդ Իրանը, Ադրբեջանը, ինչպես նաև մյուս հարևանը՝ Վրաստանը համաձայնության են եկել տարածաշրջանային մեկ այլ նախագծի շուրջ՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ երթուղու գործարկման։ Թեհրանի այս նախաձեռնության համաձայն՝ երթուղին կանցնի իրանական Աստարայից դեպի Ադրբեջան, այնուհետև՝ Վրաստանի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Բուլղարիա և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ։

Բաքուն կարևորում է նաև Թեհրանի հետ առևտրատնտեսական կապերը։ Ինչպես երեկ հայտարարում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տասը ամիսների կտրվածքով աճել է ավելի քան 23 տոկոսով։

«Նոր Իրավիճակը հնարավորություն է բացում ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրանի համար։ Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, ապահովել է իր միջազգային սահմանների վերահսկողությունը, դա վերաբերում է նաև Իրանի հետ սահմանին, և այդ իրականությունը նոր հնարավորություններ է բացել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը և բարձր գնահատել Իրանի աջակցությունը ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո, մասնավորապես «3+3» նախաձեռնության հետ կապված։

Խոսելով տարածաշրջանային համագործակցության այդ հարթակի մասի՝ Բայրամովը օգտակար է գնահատել այդ ձևաչափով քննարկումները։ Նշել է, որ առաջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում քննարկել «ոչ միայն Հարավային Կովկասի իրադարձությունները, այլ նաև գործընթացներ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանի հարևանությամբ գտնվող երկրներում, և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա»։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ չի բացառվում առաջիկայում այդ ձևաչափով ավելի բարձր մակարդակի հանդիպման անցկացումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG