Մատչելիության հղումներ

Սահմանագծումը այսօր տեղի է ունենում արյունով. Սեյրան Օհանյան


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան

Սահմանազատումն ու սահմանագծումը այսօր տեղի են ունենում արյունով և միակողմանի։ Հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը այսպիսի գնահատական հնչեցրեց իր ղեկավարած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։

Օհանյանը կրկին պնդեց, թե Հայաստանի իշխանությունները սահմանների ճշտման գործընթաց են սկսում առանց համապատասխան պայմանների։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, սա հապճեպ, ժամանականավրեպ, թուրք-ադրբեջանական խաբկանքին համահունչ գործընթաց է. - Սահմանագծումն ու սահմանազատումը այս օրերին փաստացի տեղի է ունենում ամենաստոր ձևով՝ հայ զինվորի արյան միջոցով։ Այս տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դրա ապացույցն է։ Բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից որևէ մեկը այդպես էլ բացատրություն չտվեց, թե ինչու եղավ մեկօրյա պատերազմը, ինչ հաջորդեց և նախորդեց դրան։ Փաստն այն է, որ մենք ունեցանք զոհեր, վիրավորներ, գերիներ, իսկ Ադրբեջանը մտավ Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այսինքն՝ տեղի ունեցավ սահմանագծում արյունով»։

«Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը, սահմանների ճշգրտմանը, բայց, Օհանյանի պնդմամբ, Ադրբեջանը այսօր պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղության, ինչի վառ ապացույցը սահմանին պարբերաբար լարվող իրավիճակն է։ Խաղաղության կեղծ օրակարգով ո՞ւմ շահերն է ներկայացնում Հայաստանի իշխանությունը։ Իշխանությանն ուղղված այս հարցը մնաց անպատասխան։ Հրավիրված «Քաղաքացիական պայմանագիրը» չէր մասնակցում լսումներին։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պնդմամբ, այսօր Հայաստանում չկա մի մարդ, որ միլիմետրի ճշտությամբ կներկայացնի երկրի սահմանները, որովհետև դրանց փոփոխությունը արվել է խորհրդային տարիներին։ Իսկ այս պատերազմի ժամանակ ձևավորված դիրքերի դասավորությունը հետագայում մեծ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա։ Արդեն իսկ Ադրբեջանին հանձնելով կարևորագույն կետերը, ճանապարհները, սահմանամերձ գյուղերը ճնշման տակ դնելով, այլընտրանքներ փնտրելով, ըստ Օհանյանի, գործող իշխանությունը շարունակում է զրոյացնել երկրի անվտանգային ներուժը։

«Այնուամենայնիվ չգիտեմ այլընտրանքային Երևանը հետագայում որտեղ է լինելու», - ասաց նա։

Լսումների ժամանակ բարձրացված մյուս հարցերից մեկն էլ վերաբերում էր վաղը Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը։ Մինչև այս պահը պաշտոնական աղբյուրերը չեն հստակեցրել, թե արդյոք լինելու է արդյոք դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման օրակարգում։ Երեկ, սակայն, Երևանում ու Բաքվում էր Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի անդամ Ալեքսեյ Օվերչուկը։ Այդ խմբում քննարկվում է Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցը։

Այսօր լսումներին մասնակցող արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն մտահոգված էին՝ ուշացած չե՞ն արդյոք իրենց այսօրվա զրույցները։

Արա Զոհրաբյան
Արա Զոհրաբյան

«Զարթոնք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հարց բարձացրեցին։ «Արդյո՞ք նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Զանգելանը, Շուռնուխի մասը, Որոտանի ճանապարհը հանձնելու մասին խոսք կամ ակնարկ կար։ Չկա'ր։ Իսկ դա փաստացի հանձնվեց։ Ինչո՞ւ մենք պետք է հիմա էլ հավատանք, որ միջանցք բառը չկա, ուրեմն միջանցք չի լինելու», - ասաց Զոհրաբյանը։

«Ութ հատ հայտարարությունով, ութն էլ իրար հակասող։ Հետո պարզվում ա, որ ինչ-որ բանավոր փոխըմբռնմամբ իրանք գնացել, ինչ-որ բան են պայմանավորվել։ Գիշերը, թաքուն, մեր մեջքի հետևը։ Այսինքն՝ քաղաքացին ո՞նց հասկանա ո՞րն ա սուտ, ո՞րը՝ իրականությունը», - նշեց Էլիբեգովան։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

Մոտ հինգ ժամ տևած քննարկումը վարող Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ասաց՝ պայքարելու են մինչև վերջ թե' ներսում, թե 'դրսում, իսկ թե ինչպես՝ չհստակեցրեց։ Իսկ հիմա միայն կարող են հայտարարության տեքստ պատրասել և պահանջներ ներկայացնել իշխանությանը. - «Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջները ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով»։

Ե'վ Երևանը, և' Բաքուն անցած ամիսներին պարբերաբար հայտարարել են, որ պատրաստ են սահմանի ճշգրտման աշխատանքներ սկսել, սակայն գործընթացը պաշտոնապես չի մեկնարկել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլ սկսելու մասին արդեն չորրորդ առաջարկը Ռուսաստանը ներկայացրեց անցած շաբաթասկզբին, սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած արյունալի մարտերից հետո։ Հայաստանի վարչապետը անմիջապես հայտարարեց, որ առաջարկը հայկական կողմի համար ընդունելի է։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն էր ասել, որ այդ գործընթացը առանց Մոսկվայի հնարավոր չէ իրականացնել, քանի որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG