Մատչելիության հղումներ

Եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ՌԴ փոխվարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի, ապա Փաշինյանի հետ


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Սոչիում երկու օրից կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպում է Ադրբեջանի, այնուհետև Հայաստանի առաջնորդների հետ:

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Մինչ այդ, այսօր ավելի վաղ Օվերչուկին և Ռուդենկոյին Բաքվում ընդունել է Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվի հաղորդմամբ` կողմերը նույնպես մտքեր են փոխանակել եռակողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ: Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Օվերչուկին տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

«Նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և տնտեսական զարգացմանը»,- հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից բացի, Ալիևը ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է վերջին պատերազմի հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռուսական ընկերությունների գործունեությանը, ապրանքաշրջանառության ավելացմանը և փոխադարձ ներդրումներին վերաբերող հարցեր:

Սոչիում երկու օրից կայանալիք եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման գլխավոր հարցերից մեկը, ըստ վերլուծաբանների, կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»` հարց, որի շուրջ, Երևանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն։

Ադրբեջան մեկնելուց առաջ՝ այս ամսվա սկզբին, Ռուսաստանի փոխվարչապետը Երևան էր այցելել և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հրապարակավ անդրադարձել բացվելիք ճանապարհների նկատմամբ վերահսկողության խնդիրներին։

«Ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները», - այդ հանդիպման ժամանակ ասել էր նա։

Դրանից մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունն էր մանրամասներ հրապարակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև արդեն շուրջ կես տարի շարունակվող դռնփակ հանդիպումներից։ Մոսկվան, մասնավորապես, հայտարարել էր, թե հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում զեկույց է ներկայացվել, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ ուղիներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար։

«Այդ ուղիները ելք կունենան հարևան երկրներ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կբերի։ Ռուսաստանի և Հայաստանի համար բացվում են լրացուցիչ հեռանկարներ՝ իրականացնելու «Հյուսիս-Հարավ» միջազգային հաղորդակցության ծրագիրը»,- հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Անդրադառնալով այսպես կոչված` «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր՝ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են:

Առաջիկա ուրբաթ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը կքննարկվի Սոչիում: Կրեմլը, համենայն դեպս, երեկ նշել էր, որ հենց այդ հարցն է լինելու եռակողմ հանդիպման հիմնական թեմաներից մեկը։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ` Մոսկվան նախաձեռնել է եռակողմ փաստաթղթի ստորագրում, սակայն հայտնի չէ՝ արդյոք այն կներառի նաև տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հստակ դրույթներ։

Ռուսական «Коммерсантъ»-ն, այսօր անդրադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ բանակցություններին, իր հերթին գրել է. «Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կատարի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Բաքվի բոլոր պահանջները: Այդ պահանջների թվում է միջանցքի արտատարածքային կարգավիճակը։ Նման ելքը Հայաստանի վարչապետի համար քաղաքական ինքնասպանություն կլինի, և Երևանում էլ ավելի մեծ բողոքի ակցիաներ կհրահրի։ Ինքը՝ պարոն Փաշինյանը դա, կարծես, շատ լավ հասկանում է»։

Լրատվամիջոցը հավելում է, թե միջանցքի հարցում Փաշինյանը դեռ կոշտ դիմադրություն է ցույց տալիս:

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի երեկվա ասուլիսին, «Коммерсантъ»-ը գրում է․ «Փաշինյանը փորձեց հանգստացնել Հայաստանի քաղաքացիներին` հայտարարելով, թե Երևանը միջանցքի տրամաբանությամբ հարցեր չի քննարկում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG