Մատչելիության հղումներ

Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի են


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անմիջապես էլ հայտարարելով՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։

Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը հորդորեց Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսել։ Հայ-ադրբեջանական սահմանին մայիսին սրված իրավիճակի ժամանակ ևս Մոսկվան առաջարկել էր սահմանագծում ու սահմանազատում անցկացնել։ Վերջին առաջարկը հնչեց, երբ պաշտոնապես հայտարարվեց՝ Երևանը Մոսկվայից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում, դիմումը պատրաստվում է։ Գարնանը, երբ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածք մտավ, Երևանը կրկին դիմել էր Մոսկվային, կրկին ռազմական օգնության համար։

«Այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են: Պարո՛ն Պապիկյան (պաշտպանության նախարար-խմբ.), Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ, խնդրում եմ, ճշգրտեք մանրամասները, և փորձենք իրագործել առաջարկները», - այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թե հատկապես ինչ է առաջարկում Ռուսաստանը, կառավարությունից չեն հստակեցնում։

Նախորդ առաջարկները գործընթացի մեկնարկի մասին էին. Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս տեղյակ չէր։ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե Ռուսաստանը ևս երեք անգամ դեմարկացիայի և դելիմիտացիայի առաջարկ է արել, բայց այստեղ էլ հակասեց ինքն իրեն՝ մի պատգամավորի հարցին պատասխանելիս ասաց՝ իր տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի պատճառով։ Մեկ այլ պահի էլ հայտարարեց, որ մայիսին սեղանին դրված փաստաթղթի ստորագրումը նաև ներքաղաքական աղմուկի պատճառով է խափանվել։

Նախորդները, ասում է իշխող կուսակցության պատգամավորը, գործընթացի մեկնարկի մասին էին, որից հետո կարելի էր անցնել գործնական փուլին` սահմանը ֆիքսելուն. «Փաստաթղթում տեղ են գտնելու բոլոր այն մոտեցումները, որոնք մենք հանրային հնչեցրել ենք: Ամենակարևորը քարտեզների ճշգրտումն է: Այս իմաստով հայանպաստ է այն իրավիճակը, երբ որ դեմարկացիան և դելիմիտացիան, օրինակ, չեն արվում Ադրբեջանի հորինած քարտեզներով կամ չեն արվում այնպիսի մի իրավիճակում, երբ որ Ադրբեջանը փորձ է անում, օրինակ, բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրել ռազմական ճանապարհով: Նախ խնդիրն ամբողջությամբ պետք է ապառազմականացվի, և խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Եթե գարնանն արված առաջարկի մասին խոսելիս այն ստորագրել պատրաստվող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ 100 տոկոսով հայանպաստ է, երեկ դեմարկացիայից ու դելիմիտացիայից խոսելով` խորհրդարանի ամբիոնից հետևյալ հայտարարությունը հնչեցրեց. «Պետք է գնանք լուծումների` հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կամ լուծում, կամ չլուծում, սա է մեր ընտրությունը»:

Ընդդիմությունը կարծում է` հայկական կողմը նոր զիջումների է պատրաստվում

Առաջարկների չբացահայտելը ընդդիմադիրների մոտ կասկածներ է առաջացրել, համադրել են Փաշինյանի երեկվա հայտարարություններն ու եզրահանգել՝ հայկական կողմը նոր զիջումների է պատրաստվում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը չի կարծում, որ վերջին իրադարձություններից հետո կարող էր սեղանին հայտնվել հայանպաստ փաստաթուղթ. «Եթե դա էլ համադրում ենք նրա մեկ այլ հայտարարության հետ առ այն, որ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվում են ադրբեջանական տարածքներ, ամենայն հավանականությամբ դա ենթադրում է նոր զիջումներ:

Իսկ նոր զիջումները որևէ կերպ չեն կարող բխել հայկական շահերից, և այդ նոր զիջումները, մենք հասկանում ենք, որ պետք է համադրվեն նաև իշխանության այլ ներկայացուցիչների այն հայտարարությունների հետ, որ այսպես կոչված` անկլավներ կան: Ես չեմ ուզում օգտագործել այդ բառը, որովհետև դրանք հայկական գյուղեր են և ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար նաև ենթակառուցվածքների տեսանկյունից»:

Վիճելի հարցերի կարգավորման հեռանկարը վատը չի. Պուտին

Պաշտոնական Բաքուն ռուսական այս վերջին առաջարկին դեռ չի արձագանքել, իսկ առաջարկը ներկայացրած Ռուսաստանի ղեկավարը վիճելի հարցերի կարգավորման հեռանկարը վատը չի համարել՝ ասելով, թե տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են հարցերի երկարաժամկետ լուծումը գտնելու հարցում։

«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին փոխհրաձգությունները վկայում են, որ իրավիճակն այնտեղ դեռ վերջնականապես չի հանդարտվել։ Ռուս խաղաղապահների առաքելությունը՝ որպես հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բնակչության անվտանգությունը ապահովելու երաշխավոր, չափազանց կարևոր է», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG