Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ դեսպանը հույս ունի` Փաշինյան-Ալիև հանդիպումը կդառնա քայլ առաջ նորմալ հարաբերությունների կարգավորման ճանապարհին


Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ շփումներին, որոնք միտված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նախօրեին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանը։ Դիվանագետը նշել է, որ բրյուսելյան հանդիպման անցկացմանը նաև ամերիկյան կողմն է աջակցել։

«Ուրախ էի լսել Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպման մասին։ Միացյալ Նահանգները շատ ջանք է գործադրել, որպեսզի երկու ղեկավարները դեմ առ դեմ հանդիպում անցկացնեն։ Հույս ունեմ, որ այդ հանդիպումը կդառնա քայլ առաջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների կարգավորման ճանապարհին», - ասել է Լի Լիտցենբերգերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին և տարածաշրջանի երեք երկրների համագործակցության մեծ ներուժ է տեսնում:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ ամերիկացի դեսպանը ընդգծել է, որ այդ կառույցը միակ ձևաչափն է, որտեղ ԱՄՆ-ին և Ռուսաստանին հաջողվում է արդյունավետ համագործակցել: «Վերջին շրջանում այս ձևաչափով մեզ հաջողվել է երկու անգամ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք շարունակելու ենք աշխատել այս ֆորմատով:

Միևնույն ժամանակ աջակցում ենք նաև մյուս նախաձեռնությունները, որոնք միտված են կողմերի միջև շփումների հաստատմանը, ինչպես օրինակ` առաջիկա հանդիպումը Բրյուսելում»,- ասել է Լի Լիտցենբերգերը՝ հույս հայտնելով, որ այդ հանդիպումը կնպաստի վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են դեմ առ դեմ հանդիպում անցկացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը կկայանա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: Կողմերը նաև պայմանավորվել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:

Բաքվում ԱՄՆ դեսպանը ողջունել է այս որոշումը և համոզմունք հայտնել, որ կողմերը պետք է պատրաստակամություն դրսևորեն օգտագործելու այդ մեխանիզմը և օգտվեն ստեղծված հնարավորությունից։

Բաքվում ԱՄՆ դեսպանն առաջիկայում նախատեսում է այցելել Աղդամ

Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է անցած տարվա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ադրբեջանցիների վերադարձի հարցին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով ֆինանսական մեծ աջակցություն է հատկացրել փախստականների կարիքներին: 1992 թվականից ի վեր այս ուղղությամբ ամերիկյան օժանդակությունը շուրջ 125 մլն դոլար է կազմում:

Դեսպան Լիտցենբերգերը նաև հայտնել է, որ ամերիկյան երեք ընկերություն այժմ ներգրավված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման նախագծերում: Վերջերս էլ Վաշինգտոնը կես միլիոն դոլար է հատկացրել այդ տարածքների ականազերծման համար:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դեսպանը պատրաստվում է այցելել պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ, Լիտցենբերգերը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Աղդամ: Օգոստոսի սկզբին էլ ամերիկացի այլ պաշտոնյաների հետ նա եղել էր Զանգելանում, ծանոթացել այնտեղ սկսված շինարարական աշխատանքներին:

Երեկ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ Ֆրանսիայի դեսպանն է Աղդամ այցելել: Գրոսի թվիթերյան գրառումից տեղեկանում ենք, որ ֆրանսիացի պաշտոնյաներին ներկայացվել են Աղդամի վերակառուցման ծրագրերը:

Ավելի վաղ՝ անցած հուլիսին, Բաքուն իր երկրում հավատարմագրված դեսպաններին նաև Շուշի էր հրավիրել։ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ռուաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, սակայն, ի տարբերություն Ղարաբաղի շրջակա շրջանների, Շուշի այցելելու հրավերը չէին ընդունել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG