Մատչելիության հղումներ

Փաշինյանի հարցազրույցը նվիրված էր միայն մեկ գործի` արդարացնել խայտառակ ձախողումը, որ ունեցավ կապված Արցախի խնդրի հետ. Զուրաբյան


Հայաստանում այսօր ունենք մի ղեկավար, որը իշխանության մոլագար է և դրա համար պատրաստ է ստել, արդարանալ, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա ասուլիսին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Մինչև երեկվա վարչապետի հարցուպատասխանի դետալների գալը, նախ եթե ունեք ընդհանրական գնահատական:

Լևոն Զուրաբյան. - Ընդհանրական շատ դառը կլինի, որովհետև տեսանք, որ և այդ հարցազրույցը կամ ասուլիսը ապացուցեց մի բան, որ Հայաստանում այսօր մենք ունենք մի ղեկավար, որը իշխանության մոլագար է և դրա համար պատրաստ է ստել, արդարանալ, ասել ցանկացած թյուրիմացություն, ցանկացած անհեթեթություն և, այնուամենայնիվ, մնալ իշխանության:

Իրականում ենթատեքստերը, որ կարդաս, ամբողջ այս հարցազրույցը նվիրված էր միայն մեկ գործին` արդարացնել այն խայտառակ ձախողումը, որ ինքն ունեցավ կապված Արցախի խնդրի հետ` փաստորեն տանելով մեզ դեպի ադրբեջանական և թուրքական պատերազմի աղետը, և ինքը, կարծում եմ, մինչև կյանքի վերջը զբաղված է լինելու այս գործով` արդարանալու, թե ինչու է ինքը նման բան արել կամ եթե չի կարողանում արդարանալ, սկսում է ստել, բերել կեղծ հիմնավորումներ:

«Ազատություն». - Ձեզ համոզեցի՞ն հավաստիացումները միջանցք չլինելու մասին, որոնք արդեն բավականին կոշտ ու բաց տեքստով էին ասվում, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն է, քննարկման ենթակա չէ, ընդհանրապես սա միջազգային իրավունքի, աշխարհակարգի հարց է:

Լևոն Զուրաբյան. - Ինձ չի կարող համոզել Նիկոլ Փաշինյանի որևէ խոսք, որովհետև եթե վերլուծենք` ինքը քանի սխալ է կատարել, քանի սուտ է ասել, ինչպես է խառնում տերմինաբանությունը, քաղաքական տրամաբանությունն աղավաղում, այդտեղից պարզ կդառնա, որ իր ասելիքը ես չեմ կարող ընդունել որպես հիմք երկու պատճառով. մեկը` նա շատ հաճախ ստում է, երկրորդը` նա շատ հաճախ չի հասկանում` ինչ է ասում:

«Ազատություն». - Ռուսաստանն էլ է դա ասում. ՌԴ փոխվարչապետը Երևանում ասաց, որ ճանապարհները բացվելու են, և ամեն մեկը տնօրինելու է իր ինքնիշխան տարածքը:

Լևոն Զուրաբյան. - Դե շատ լավ, այսինքն` Դուք հարցրեցիք Նիկոլ Փաշինյանի խոսքի մասին: Այդ խոսքը ես չեմ կարող որպես հիմնավորում ընդունել:

«Ազատություն». - Իսկ դրա առհավատչյաներից այն չէ՞, որ հենց սահմանի ագրեսիան է դրա հետևանքը, որ Հայաստանն այդ զիջմանը չի գնում:

Լևոն Զուրաբյան. - Սա ընդհանրապես խայտառակ լոգիկա է, ես մի քիչ ապշած եմ: Մի քանի անգամ Փաշինյանը այդ բացատրությունը, այդ հիմնավորումն է բերում, ասում է` բա եթե մենք Ղարաբաղը տվող լինեինք, էս լինեինք, բա մեզ վրա կկրակե՞ին: Այսինքն` ինքը փորձում է շատ տարօրինակ տրամաբանությամբ ներկայացնել մեր դեմ կիրառվող ագրեսիան, կրակոցները որպես ապացույց իբր թե իր կողմից վարվող սկզբունքային քաղաքականության: Թեկուզ ճնշումներ չենթարկելու, բայց սա մի քիչ աննորմալ տրամաբանություն է:

Ինքը մշտապես իր ձախողումները, Հայաստանի խոցելիությունները, որոնք առաջացել են իր վարած քաղաքականության պատճառով, բերում է որպես ապացույց իր սկզբունքային քաղաքականության: Սա աբսուրդ տրամաբանություն է:

«Ազատություն». - Դժգո՞հ եք նաև սահմանագծման-սահմանազատման մասին ասածից, մասնավորապես, որ ոչ մի բան էլ չենք ստորագրելու, ընդամենը դա կարող է լինել հայտարարություն, որ հանձնաժողով է նման ձևավորվում:

Լևոն Զուրաբյան. - Ծանոթ լինելով և վերլուծելով իր երեք տարվա բանակցություններում ներկայացրած դիրքորոշումները, եթե կարելի է դա դիրքորոշում համարել, ես շատ ցածր գնահատական ունեմ իր բանակցային հմտությունների և կարողությունների մասին: Ես հիմա արդեն կամաց-կամաց հակվում են այն տեսակետին, որ այս բոլոր ուժային լուծումները, որոնց տարափի տակ են ընկել Արցախը, Հայաստանը, կապված են հենց իր բանակցային անկարողության հետ, իր բանակցային հմտությունների սնանկության հետ, որովհետև եթե դու չես կարողանում բանակցել, ճիշտ ներկայացնել ամեն ինչ, պայքարել նրա համար, ինչի համար հնարավոր է, և չպայքարել նրա համար, ինչն անհնար է, այդ դեպքում ամեն ինչ ավարտվում է ծեծկռտուքով, որտեղ դու լինում ես տուժած:

XS
SM
MD
LG