Մատչելիության հղումներ

Երևանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել


Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյան

Երևանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Վերջինիս խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին, հայկական կողմն իր դիրքորոշումը հայտնել է Կրեմլին։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - ասաց Հունանյանը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ այս օգոտոսից, Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես եկան հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին։

Մինչև այս պահը, ըստ արտգործնախարարի խոսնակի, Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ տեղի չեն ունեցել։

Հայաստանի արտգործնախարարը օրերս ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի հետ երկխոսություն սկսելու համար Թուրքիան պահանջում է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրել։

«Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- ընդգծել է Միրզոյանը՝ միաժամանակ նշելով. - «Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը»։

«Այդ հայտարարությունները հիմնվում են Թուրքիայի կողմից արված հանրային հայտարարությունների, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» վերաբերյալ, որ պետք է լինի «Զանգեզուրի միջանցք։ Եթե դուք նայեք, թե' նախագահի, թե արտաքին գործերի նախարարի մակարդակով իրենք էդ թեման շարունակաբար բարձրացնում են։ Եվ մենք ասում ենք՝ չի կարող այդպիսի բան լինել։ Սակայն, ինչպես նշեցի, բանակցություն չի եղել», - ասաց Վահան Հունանյանը։

«Ազատությունը» դիմել է Թուրքիայի արտգործնախարարություններ՝ նաև այս հարցի պատասխանը ստանալու։ Պատասխան դեռ չունենք։

Արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, ակնհայտ է, որ Թուրքիան նպատակ ունի օգտվել Հայաստանի ներկայիս թուլությունից՝ ձգտելով լուծել իր համար ռազմավարական նշանակության հարցը՝ ուղիղ ցամաքային կապ ստանալ Ադրբեջանի հետ։

Դավիթ Հովհաննիսյան
Դավիթ Հովհաննիսյան

«Պիտի ամեն ինչ քննարկենք, որովհետև գուցեև էդ պայմանները այդքան կոշտ չեն դրվում, գուցե դրանց հետ կապված խուսանավելու հնարավորություններ կան։ Բայց ամենակարևորը և կարմիր գիծը մեզ համար պետք է լինի այն, թե որքանով է այս կամ այն նախապայմանը խնդիրներ ստեղծում մեր ինքնիշխանության համար։ Եթե որևէ խնդիր ստեղծում է, ուրեմն դա ընդունելի չէ։ Իսկ միջանցք հասկացությունը, բնականաբար, խնդիր է ստեղծում», - ասաց Հովհաննիսյանը։

44-օրյա պատերազմից հետո՝ անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է, որ պաշտոնական Երևանը երաշխավորում է տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ադրբեջանական կողմը հենց այս դրույթն է մեջբերում՝ պնդելով, որ տեղաշարժը պետք է անարգել լինի։ Սակայն այս ամսվա սկզբին հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբում Մոսկվան ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում հայտարարեց, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները։

Այս ամենի ֆոնին՝ նախորդ շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները վերսկսվեցին, հրադադարը ձեռք բերվեց ռուսական կողմի միջնորդությամբ։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը ամենաարյունալին էին 44-օրյա պատերազմից ի վեր և ընթացան Սյունիքի մարզի այն հատվածում, որն ամենից նեղն է Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

XS
SM
MD
LG