Մատչելիության հղումներ

Այսօրվա մերժված, չստորագրված փաստաթուղթը վաղը կարող է ավելի վատը լինել. Թաթուլ Հակոբյան


Թաթուլ Հակոբյանը «Ազատության» տաղավարում
Թաթուլ Հակոբյանը «Ազատության» տաղավարում

«Ազատության» հյուրն այսօր «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Ազատություն». - Անցած շաբաթ արյունալի բախումներ գրանցվեցին սահմանին, վերջին միջադեպն էլ երեկ։ Ինչ-որ բանի շուրջ համաձայնություն չկա՞ ենթադրաբար։

Հակոբյան. - Կարծում եմ, այո։ Փաստաթղթեր կան սեղանին դրված, էդ փաստաթղթերի շուրջ քննարկումները շարունակվում են, էդ փաստաթղթերը նոր չեն, գոնե մայիսից դրանք դրված են սեղանին։ Կողմերը փորձում են, որպեսզի դա հնարավորինս շահեկան դիրքում ստորագրվի, նախաստորագրվի, չգիտեմ, բանավոր հայտարարվի։ Դա է պատճառը։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են հնարավորինս Հայաստանը թուլացնել, Հայաստանը վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի ստորացումից մի քիչ ավելի լավ վիճակում հայտնվի։ Գումարած այն իրավիճակը, երբ որ Ռուսաստանը հայտարարեց, որ միջանցքների թեմա չի քննարկվում։ Դա զայրացրեց և' Թուրքիային, և' Ադրբեջանին։

«Ազատություն». - Դուք դեռ նոյեմբերի սկզբին էիք հայտարարում, որ ստորագրության են պատրաստվում փաստաթղթեր, մեկը տարածքային ամբողջականության ճանաչման մասով, մյուսը սահմանազատում սկսելու վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը հերքում է։ Դուք դեռ պնդո՞ւմ եք։

Հակոբյան. - Իհարկե պնդում եմ։ Ընդհանրապես, մենք ինչքան ուշացնենք, էնքան վատն ենք ստորագրելու։ Չեմ ասում գնացեք վաղը ստորագրեք, բայց դրանք են դրված սեղանին։ Կարելի էր անգամ չունենալ էդ փաստաթղթերի մասին տեղեկատվություն, բայց հասկանալ, որ նման բան լինելու է։ Դրա ի՞նչն է զարմանալի։ Բայց ինձ ուրիշ բան է զարմացնում։ Որ ասում են՝ տեսա՞ք, չստորագրեցինք։ Հա, կարող եք հիմա էլ չստորագրել, բայց դրանից հետո՞ ինչ է լինելու։ Սա է կարևոր հարցը՝ հետո ի՞նչ է լինելու։ Կարո՞ղ է հիմա սա էլ մերժենք, հետո մեր առաջ ավելի վատը դնեն... Էս է դիվանագիտության չարությունը, որ ամենադժվար պայմաններում դու պետք է կարողանաս կայացնել որոշումներ։ Էս հարցում Նիկոլ Փաշինյանը մենակ է։ Իհարկե նա է էս ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը, բայց, մյուս կողմից, ես ուզում եմ ասել, որ Հայաստանի ընդդիմությունը ամեն ինչ անում է, ես չեմ ասում հատուկ է անում, աշխարհում բոլոր ընդդիմություններն են այդպիսին, չի թողնում որևէ տեղ, որ Հայաստանը գնա որևէ կարգավորման։ Հիմա ասում են՝ մի գնա ստորագրի, բա ի՞նչ անի... Կարող են ասել լուծումը։ Լուծում կա՞, տարբերակ կա՞... Կամ էլ հեռացիր։ Էդ մարդն էլ չի հեռանում, ասում է՝ ինչի՞ հեռանամ, ինձ հիսունչորս տոկոս ձայն են տվել մարդիկ, ձեզ տվել են քսանմեկ տոկոս կամ յոթ տոկոս։ Էս փակուղային իրավիճակում և' խորհրդարանի քննարկումները, և' ընդհանրապես այս հայտարարությունները, որ ես տեսնում եմ, իմ մոտ տպավորություն կա, որ այնքան էլ շատ չի մտահոգում այն, ինչ որ ամբողջ աշխարհի հայերին պետք է այսօր մտահոգեր։ Միակ թեման մտահոգության դա Հայաստանի պետականության հարցն է և ոչ թե իշխանության գալու։ Իհարկե, նորմալ է, որ ընդդիմությունը ուզում է իշխանության գալ, պարզ է։ Բայց էս պայմաններում ես չեմ տեսնում ինչ իմաստ ունի իշխանության գալը, եթե դու կարող է գաս իշխանության առանց պետականության։

«Ազատություն». - Կամ գաս նույնը ստորագրես։

Հակոբյան. - Ավելի վատը ստորագրես։ Ո՞վ ա ասել, որ նույնը պիտի ստորագրես, կարող ես ավելի վատը ստորագրել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG