Մատչելիության հղումներ

Արևմուտքը քննադատում է Թբիլիսիին Արդարադատության բարձրագույն խորհրդում կադրային վիճահարույց փոփոխությունների համար


Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստ, Վրաստան, արխիվ
Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստ, Վրաստան, արխիվ

Արևմուտքը քննադատում է Վրաստանի իշխանություններին Արդարադատության բարձրագույն խորհրդի կազմում կադրային վիճահարույց փոփոխությունների համար։ Բրյուսելն ու Վաշինգտոնը պնդում են՝ գործընթացը «ոչ թափանցիկ էր, հապճեպ, ինչպես նաև ոչ մրցակցային»։

Քննադատություն հարուցած նշանակումը, ինչպես նկատում է Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հերցելը, տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հենց հաջորդ օրը. նախկինում այդ պաշտոնները զբաղեցնողներն անակնկալ կերպով հրաժարական են տվել՝ չսպասելով իրենց լիազորությունների ժամկետի ավարտին։

Թեկնածուների անունները նախապես չհրապարակելը, դեսպան Հարցելի գնահատմամբ, «հապճեպ, ոչ թափանցիկ և ոչ մրցակցային» այս նշանակումները հակասում են Վրաստանի ստանձնած պարտավորություններին, որոնք միտված են դատական համակարգի անկախությունը, հաշվետվողականությունը, որակը և վստահությունը բարձրացնելուն։

Դիվանագետը Եվրամիության անունից Թբիլիսիին կոչ է արել հավատարիմ մնալ դատական համակարգի բարեփոխումների իրենց հանձնառությանը` ի շահ Վրաստանի քաղաքացիների և Եվրամիության ու Վրաստանի միջև հարաբերությունների։

Վրաստանի դատական համակարգում տեղի ունեցած այդ իրադարձությունը հիասթափեցրել է նաև Վաշինգտոնին։ Վրաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը տարածած հայտարարությամբ պնդում է՝ նշանակումները թափանցիկ չէին, նախապես չէին հայտարարվել թեկնածուների անունները, քաղհասարակությանը և այլ շահագրգիր կողմերի հնարավորություն չէր տրվել մասնակցել դատական բարձր մարմնի ներկայացուցիչների ընտրական գործընթացին։

«Հիասթափեցնում է այն, որ դատական իշխանությունը բաց է թողել թափանցիկություն դրսևորելու հնարավորությունը և հերթական անգամ չի կարողացել իր ներկայացուցիչներին ընտրել ժողովրդավարական և մրցակցային ընտրական գործընթացի միջոցով»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Եվրամիության և Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամակցությանը ձգտող Թբիլիսին միջազգային մի շարք համաձայնագրերով պարտավորվել էր բարեփոխել երկրի դատական համակարգը։ Հատկապես Բրյուսելը Վրաստանի իշխանություններին պարբերաբար զգուշացնում է, որ անհրաժեշտ է արագացնել դատական համակարգի բարեփոխումները, որոնք որպես նախապայման են դրված Եվրամիության օգնության ծրագրերի հիմքում:

Մինչդեռ, ինչպես պնդում է Transparency international իրավապաշտպան կազմակերպությունը, Վրաստանի դատական համակարգում շարունակում են «ծաղկունք ապրել քավոր-սանիկ, խնամի-ազգակցական կապերը»։

Միջազգային կազմակերպության Վրաստանի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ազդեցիկ դատավորներից կազմված Արդարադատության բարձրագույն խորհուրդը «կլանի կողմից բռնազավթված» կառույց է, որը «տարիներ շարունակվող փոխատեղումների միջոցով փորձում է ամրապնդել իշխանական լծակները»՝ դատավորների նշանակումներն իրականացնելով «ծառայությունների դիմաց` անձնական, նեղ շահերից ելնելով»։

4 տարի ժամկետով ընտրվող 14 հոգուց բաղկացած խորհուրդը, որը նախագահում է երկրի Գերագույն դատարանի դատավորը, ստեղծվել է դատարանների անկախության և աշխատանքի արդյունավետության ապահովման, դատավորներին պաշտոնի նշանակման, դատավորներին պաշտոնից ազատելու նպատակով։

TI-ի իրավապաշտպանները, սակայն, պնդում են, որ այդ կառույցը ընդհակառակը՝ «սպառնալիք է» իրական անկախ դատական համակարգ ունենալուն և «իր գործունեությամբ հակասում է» միջազգային չափանիշներին:

Ուսումնասիրության հեղինակները որպես օրինակ մատնանշում են երկրում դատավորների փոխատեղումների գործընթացը, որն, ինչպես նշվում է զեկույցում, հաճախ իրականացվում է առանց հիմնավորումների, և դատավորների նշանակման գործընթացի համար պարտադիր համարվող հարցազրույցը կրում է ձևական բնույթ, որը տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ ընթացքում թեկնածուն ընդամենը ներկայացնում է իր ցանկության հիմնավորումը։

Վրաստանի դատական իշխանության հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններին ի պատասխան շաբաթներ առաջ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի դատական համակարգը «Վրացական երազանքի» իշխանության օրոք բարեփոխվել և այժմ գերազանցում է նույնիսկ Եվրամիության բազմաթիվ երկրների դատական համակարգերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG