Մատչելիության հղումներ

Եվրատլանտյան ուղին ամբողջ վրաց ժողովրդի ընտրությունն է, հայտարարում է Ղարիբաշվիլին


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ իր երկիրը չի կարող շեղվել եվրատլանտյան ինտեգրման ուղուց, անգամ եթե երրորդ պետությունները դժգոհություններ ունենան այդ առթիվ։ Այդ մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարում էր երեքշաբթի երեկոյան Թբիլիսիում։

«Վրաստանի եվրատլանտյան ուղին քաղաքական մեկ ուժի ընտրություն չէ, դա ողջ վրաց ժողովրդի ընտրությունն է։ Այդ ուղու օգտին է արտահայտվել մեր երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի համար դա այնքան էլ ցանկալի սցենար չէ, բայց դա մեր ընտրությունն է, և հարցը փակված է։ Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիության անդամ դառնալու մեր ցանկությունն ուղղված չէ որևէ երրորդ պետության՝ այդ թվում Ռուսաստանի դեմ», - հայտարարում էր Ղարիբաշվիլին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

ԵՄ ղեկավարը Թբիլիսի էր ժամանել Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման առթիվ վերջնական բանակցություններ անցկացնելու համար։

Եվրամիության, այդ թվում հենց Շառլ Միշելի մասնակցությամբ մի քանի շաբաթ շարունակված բանակցություններն ավարտվեցին երկուշաբթի ուշ երեկոյան` ընդդիմության և իշխող կուսակցության միջև փոխզիջումային համաձայնագրի ստորագրմամբ։

Ըստ այդ փաստաթղթի՝ կողմերը պայմանավորվեցին 2022 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց միայն մի պայմանով՝ եթե աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Վրացական երազանք»-ը 43 տոկոսից քիչ քվե ստանա։

Բացի այդ, համաձայնագիրն ընտրական և դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումներ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համար սահմանված անցողիկ շեմի կտրուկ նվազեցում է նախատեսում։ Դրան էլ գումարած՝ իշխանություններն այս համաձայնագրով ընդունեցին, որ սկզբունքորեն դեմ չեն համաներման ենթարկել այն գործիչներին, որոնց ընդդիմությունը քաղբանտարկյալներ է համարում՝ այդ թվում անազատության մեջ գտնվող Ազգային միացյալ շարժման առաջնորդ Նիկա Մելիային։ Կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին, սակայն, հայտարարեց, որ կուսակցությունը համաձայնագրին կմիանա միայն այն բանից հետո, երբ Մելիան ազատության մեջ կլինի։

ԵՄ խորհրդի նախագահի խոսքով՝ ընդդիմության և իշխանությունների միջև կնքված այս համաձայնագիրը կարող է շրջադարձային դեր խաղալ Բրյուսելի և Թբիլիսիի հարաբերություններում։

«Սա առանցքային կարևորություն ունեցող համաձայնագիր է։ Այս համաձայնագրի կյանքի կոչումը է՛լ ավելի է սերտացնելու Վրաստանի և ԵՄ հարաբերությունները։ Դա էր պատճառը, որ ես այդքան պատրաստակամորեն, քաղաքական տարբեր ուժերի ղեկավարների հետ միասին ներգրավվեցի այդ բանակցություններում։ Իսկ եթե ավելի հստակ արտահայտվեմ, ապա պետք է նշել, որ վերջին շաբաթներին և ամիսներին եվրոպացի և վրաց պաշտոնյաները լուրջ աշխատանք են կատարել։ Այս պահին 500 կոնկրետ ծրագրեր կան տարբեր ասպարեզներում, և ես հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին մենք ձեռնամուխ կլինենք դրանց իրականացմանը», - հայտարարում էր ԵՄ խորհրդի նախագահը։

Ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում ծագեց նախորդ տարվա աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրացական ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունները կեղծված էին, և հրաժարվեց խորհրդարանական մանդատներից, ինչի հետևանքով Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ երկրի օրենսդիր մարմինը դե ֆակտո միակուսակցական էր։

XS
SM
MD
LG