Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» հաղթել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում


Ցույց Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 31 հոկտեմբերի, 2021թ.
Ցույց Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 31 հոկտեմբերի, 2021թ.

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է հոկտեմբերի 30-ի տեղական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը 20 քաղաքներից 19-ում, այդ թվում` բոլոր հինգ խոշոր քաղաքներում՝ ներառյալ Թբիլիսին, հաղթել է քաղաքապետի պաշտոնի համար մղված պայքարում: Բացի այդ, «Վրացական երազանքը» հաղթել է 42 տեղական խորհուրդներից 25-ում:

Այս ՏԻՄ ընտրությունները չափազանց կարևոր և սկզբունքային նշանակություն ունեն Վրաստանում ամիսներ տևող ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման առումով:

«Վրացական երազանքի» հաղթանակը մեծ դժվարությամբ է տրվել: Մի շարք քաղաքներում ընդդիմադիր ուժի՝ «Ազգային միացյալ շարժում» կուսակցության հավաքած քվեներն այնքան մոտ են «Վրացական երազանքի» արդյունքին, որ շարժման լիդերները պնդում են, թե իշխանությունը կեղծել է ընտրությունները:

Մայրաքաղաք Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի, Փոթի և Ռուսթավի: Այս քաղաքները կգլխավորեն «Վրացական երազանքի» թեկնածուները:

Ընդդիմությունը հայտարարում է կեղծիքների կիրառման մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, ողջույնի ուղերձով դիմելով «Վրացական երազանքի» բազմաթիվ աջակիցներին, շնորհավորել է նրանց և վանկարկել՝ «Կեցցե՛ մեր հաղթանակը»:

Մինչդեռ, «Ազգային միացյալ շարժման» լիդեր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան հայտարարել է, որ իշխող կուսակցությունը կեղծիքներով է քվեների մեծամասնություն ապահովել:

«Եկեք ինքներս մեզ չխաբենք, երեխա չենք, այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկել»,- ասել է Մելիան:

Շարժման հիմնադիրը և գաղափարական առաջնորդը երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, ով Վրաստանում տարբեր մեղադրանքներով հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել և ՏԻՄ ընտրությունների նախօրեին հայրենիք վերադառնալուց հետո կալանավորվել է:

Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկ փոխադրվելուց հետո նա հացադուլ է հայտարարել, և արդեն մեկ ամիս է` սնունդ չի ընդունում:

«Ազգային միացյալ շարժման» լիդերներից Վրաստանի նախկին փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն ուղերձով դիմել է Սաակաշվիլուն, կոչ անելով նրան՝ անհապաղ դադարեցնել հացադուլը:

«Իմ Միշա, իմ եղբայր, դու մեզ ողջ-առողջ ես պետք, միայն Պուտինը և Իվանիշվիլին կցանկանան քո մահը, դու չպետք է մահանաս թշնամու անեծքից»,- ասվում է Բարամիձեի ուղերձում:

Ընդդիմության համոզմամբ, «Վրացական երազանքի» հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, թեպետ խոսում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ սերտ կապերի անհրաժեշտութան մասին, իրականում, իբրև թե, ռուսամետ դիրքորոշում ունի, և միայն «Ազգային միացյալ շարժումը» կարող է ապահովել արևմտյան քաղաքական և ռազմական կառույցներին անդամակցելու հնարավորություն:

Վրաստանում այդ հայեցակարգի և եվրոպական բարեփոխումների հեղինակն, ըստ ընդդիմության, Սաակաշվիլին է:

Վարչապետը շնորհավորել է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ գովեստով է խոսել «Վրացական երազանքի» հաղթանակի մասին և շնորհավորել է կուսակցությունից առաջադրված թեկնածուներին:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գեորգի Կալանդարիշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 30-ի քվեարկությունը մրցակցային էր, ազատ և թափանցիկ:

ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն ընդհանուր հաշվով մրցակցային էր և լավ կազմակերպված, սակայն հետզհետե խորացող բևեռացումը, բացասական հռետորաբանությունը, ընտրողներին ահաբեկելու և իշխանական լծակներն օգտագործելու մասին շրջանառվող պնդումները վկայում են, որ Վրաստանում անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները:

Առավել սկզբունքային ու թեժ էր պայքարը մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար: Գործող քաղաքապետ, «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն երկրորդ փուլի նախնական արդյունքներով ստացել է քվեների 55.6 տոկոսն, իսկ «Ազգային միացյալ շարժման» թեկնածու Նիկա Մելիան՝ 44.4 տոկոսը:

Մելիան ասել է, թե չի ճանաչում մրցակցի հաղթանակը և լի է պայքարը շարունակելու վճռականությամբ: Նրա փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի հզոր ցույց է անցկացնելու և պահանջելու է չեղարկել ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:

XS
SM
MD
LG