Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» չեղարկում է ընդդիմության հետ համաձայնագիրը


«Վրացական երազանքի» լիդեր Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսի, արխիվ
«Վրացական երազանքի» լիդեր Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսի, արխիվ

Նախօրեին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել քաղաքական նոր սենսացիա, որն անմիջապես ստեղծել է անորոշ վիճակ և հանգեցրել լուրջ ճգնաժամի:

Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», հայտարարել է, որ հրաժարվում է ընդդիմության հետ ապրիլի 19-ի համաձայնագրից, որը ձեռք է բերվել Եվրոպական միության միջնորդությամբ ու մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործադրած անձնական ջանքերի միջոցով:

«Այսօր ապրիլի 19-ից անցել է հարյուր օր, ակնհայտ է, որ համաձայնությունը կատարել է իր առաքելությունը և սպառվել է: Թեպետ ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին այն չի կնքել, մենք տեսնում ենք, որ միջազգային գործընկերները կարևոր չեն համարում և չեն պահանջում, որ արմատական ընդդիմությունն այն ստորագրի»,- հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա փոխանցմամբ, հիմնական պահանջները կատարվել են, բանտից ազատվել են «Մտավարի Արխի» հեռուստակայանի համասեփականատեր Գեորգի Ռուրուան և «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեդկավար Նիկա Մելիան, և երկրում էլ մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ:

Ինչ վերաբերում է համաձայնագրի առանցքային այն դրույթին, որ իշխանությունն արտահերթ ընտրություններ կնշանակի, եթե տեղական ընտրություններում հավաքի 43 տոկոսից քիչ քվեներ, ապա ըստ Կոբախիձեի` «իշխող կուսակցությունը կհայտարարի արտահերթ համապետական ընտրություններ նույնիսկ այն դեպքում, եթե ՏԻՄ ընտրություններում կհավաքի ոչ թե 43, այլ 53 տոկոսից քիչ»:

Նրա փոխանցմամբ, արտահերթ ընտրությունները նպատակահարմար կդառնան, եթե ընդդիմադիր կուսակցությունները կապացուցեն, որ քաղաքական համակարգը պատրաստ է արդյունավետ կոալիցիոն կառավարման, և պետության այդօրինակ կառավարումը վնաս չի հասցնի:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի առաջարկած համաձայնության նախագիծն ընդունելի են համարել և ապրիլի 18-ին ստորագրել են «Վրացական երազանքը» և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը, սակայն Ազգային միացյալ շարժումը, լեյբորիստները և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունն այն մերժել են:

Համաձայնության չեղարկումը մեծ մտահոգություն է առաջացրել Վրաստանի արևմտյան դաշնակիցների շրջանում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ Ֆրանսիայում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Շարլ Միշելի հետ և քննարկել է այդ զարգացումները:

Աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել Եվրախորհրդարանի պատգամավոր, գերմանուհի Վիոլա ֆոն Կրամոնը: Մեկնաբանելով տեղի ունոցածը` նա ասել է, որ այս իրավիճակը խիստ վտանգավոր է Վրաստանի համար:

«Արդար լինելու համար պետք է նշեմ, որ ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը՝ Ազգային միացյալ շարժումը, նույնիսկ չի փորձել միանալ այդ համաձայնությանը, հիմա երկու կողմերն էլ՝ «Երազանքը» և ընդդիմությունը, սարսափելի խաղ են խաղում իրենց ընտրողների հաշվին»,- ասել է Վիոլա ֆոն Կրամոնը:

Խիստ է արտահայտվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Ռիշը:

«Վրացական երազանքը» դուրս է գալիս համաձայնագրից, այնպիսի տպավորություն է, որ կուսակցությունը մտահոգված է ոչ թե երկրի, այլ միայն իր ապագայով, Վրաստանի ժողովուրդն ավելիին է արժանի»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է սենատորը:

Հայտարարություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Ապրիլի 18-ի համաձայնությունից դուրս գալու «Վրացական երազանքի» միակողմանի որոշումը խորապես անհանգստացնում է Միացյալ Նահանգներին, համաձայնությունը ստորագրած բոլոր կողմերը պատասխանատվություն են ստանձնել: Իշխող կուսակցության որոշումը միայն սրում է վիճակը և հարցականի տակ է դնում «Վրացական երազանքի» հավատարմությունը Վրաստանում դեմոկրատական նպատակներ իրականացնելու գաղափարին: Անկայունություն և պառակտում առաջացնող քայլերը կարող են օգուտ բերել միայն նրանց, ովքեր ցանկանում են խաթարել Վրաստանի ընթացքը դեպի կայուն և բարգավաճ ժողովրդավարություն»,- ասվում է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան հրապարակած հայտարարությունում:

Չեղարկված համաձայնագրի կնքահայր Շարլ Միշելն այսօր հայտարարել է, թե համոզված է, որ փաստաթղթին այլընտրանք չկա:

«Միայն համաձայնության եղանակով է հնարավոր իրականացնել բարեփոխումները և երկրի համար ապահովել բարգավաճում, աշխատատեղեր ու զարգացում»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահն ու ծանուցել, որ ևս մեկ անգամ Վրաստանում կնախաձեռնի քաղաքական խորհրդակցություններ:

XS
SM
MD
LG