Մատչելիության հղումներ

Շառլ Միշել․ «ԵՄ կանի հնարավորը «Արևելյան գործընկերության» մասնակիցներին ֆինանսական նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար»


Առաջիկա ամիսներին Եվրամիությունը կանի հնարավորը «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից պետություններին նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար՝ նախևառաջ ֆինանսական։ Այս մասին նախօրեին Բաթումիում հայտարարեց ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Դեկտեմբերին տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, և ես կարծում եմ, որ գոյություն ունեն առաջնահերթություններ, որոնք մենք պետք է կյանքի կոչենք։ Այդ համաժողովին պետք է շատ մանրակրկիտ կերպով նախապատրաստվել, որպեսզի այն շատ հստակ, առարկայական արդյունքներ արձանագրի՝ ի բարօրություն մեր բոլոր քաղաքացիների։ Թիվ մեկ առաջնահերթությունը ֆինանսական միջոցների կուտակումն է, այդ թվում՝ նորարարական մեթոդների կիրառմամբ, Եվրոպական ներդրումային բանկի հետ աշխատանքի միջոցով։ Դա թույլ կտա ֆինանսական միջոցներ հավաքագրել հստակ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար», - հայտարարել է Շառլ Միշելը։

ԵՄ խորհրդի նախագահը Բաթումի էր ժամանել Երևան և Բաքու կատարած այցերից հետո։

Աջարիայի մայրաքաղաքում Միշելը մասնակցում էր «Արևելյան գործընկերության» անդամ երեք պետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովին։ Հիշեցնենք, ԵՄ հետ ասոցացման պայմանագիր ստորագրած այս երեք երկրները ամիսներ առաջ հայտարարել էին Բրյուսելի հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու մտադրության մասին՝ «Արևելյան գործընկերության» ձևաչափի ներսում մի նոր ֆորմատ ստեղծելով՝ այսպես կոչած «Ասոցացման եռյակը»։ Շառլ Միշելի համոզմամբ, սակայն, անգամ նման սերտ կապերի ապահովումը ԵՄ հետ Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային չի ազատում բարեփոխումները շարունակելու պարտականությունից։

«Կարևոր է վստահ լինել, որ մենք կյանքի ենք կոչում անհրաժեշտ բարեփոխումները ոչ թե Բրյուսելին հաճոյանալու, այլ այն օգուտների համար, որ կստանան քաղաքացիները», - հայտարարել է Միշելը։

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահների համոզմամբ՝ ներքին բարեփոխումներից ոչ պակաս կարևոր են անվտանգության խնդիրները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այդ անվտանգության ապահովման լավագույն միջոցը երեք ասոցացված պետությունների ընդգրկումն է ԵՄ կազմում։ Դա, ըստ Զելենսկու, հնարավորություն կտա Կիևին, Թբիլիսիին և Քիշնևին առավել արդյունավետորեն պաշտպանել սեփական ինքնիշխանությունը։

«Այսօր Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան շարունակում են պաշտպանել իրենց ինքնիշխանության, ամենակարևորն ինչ ունեն՝ անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դա արվում է արտաքին ագրեսիայի և հիբրիդային հարձակումների պայմաններում։ Եվ պատահական չէ, որ հենց անվտանգությունն էր այս հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը։ Հենց այդ պատճառով էր, որ ես իմ աշխատանքային այցը սկսեցի Վրաստանի և Աբխազիայի շփման գիծ այցելելով։ Օկուպացիոն այդ սահմանագիծը գրավյալ տարածքներում բնակվող մարդկանց հեռու է պահում նորմալ, անվտանգ, արժանապատիվ ապագայից», - ասել է Զելենսկին՝ ընդգծելով, թե «պատերազմը ազգություն և աշխարհագրություն չի ճանաչում»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի համոզմամբ ևս՝ պատահական չէ, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացան և նաև Բրյուսելի օգնությամբ անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին առաջին հերթին խոսում են երեք մայրաքաղաքներում՝ Թբիլիսիում, Կիևում և Քիշնևում։

«Մենք շատ ընդհանրություններ ունենք՝ ընդհանուր անցյալ, ընդհանուր մարտահրավերներ, որոնց թիրախում են մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը։ Մարտահրավերների թվում են նաև ապակայունացմանն ուղղված այն փորձերը, որոնք կարող են իրականացվել են թե՛ ներքին և թե՛ արտաքին ուժերի կողմից», - հայտարարել է Զուրաբիշվիլին։

Բաթումիի գագաթաժողովի ավարտին դրա մասնակիցները հանդես եկան համատեղ հռչակագրով, որում մեկ անգամ ևս կոչ արեցին ԵՄ անդամ պետություններին լրջորեն անդրադառնալ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի լիարժեք անդամակցության խնդրին։

«Երեք ասոցացված անդամներին եվրոպական հեռանկարի տրամադրումը հզոր խթան կհանդիսանա շատ ավելի լայնածավալ և խոր բարեփոխումների իրագործելու համար», - նշել են Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները՝ հիշեցնելով, որ ԵՄ հետ կնքված համաձայնագրերի 49-րդ կետի համաձայն երեք երկրները այսօր արդեն կարող են պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ անդամակցության հայտով։

XS
SM
MD
LG