Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները միավորվում են դատաիրավական բարեփոխումների օրակարգի շուրջ


Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները ստորագրում են հուշագիրը, Թբիլիսի, 16-ը սեպտեմբերի, 2020թ.

Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ յոթ շաբաթ առաջ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ միավորվում են մեկ կոնկրետ խնդրի՝ դատաիրավական և իրավապահ համակարգերի բարեփոխման օրակարգի շուրջ։

Նախօրեին վրացական միանգամից մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու ոչ-իշխանական կուսակցությունները՝ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժումը» և «Եվրոպական Վրաստան»-ը, համատեղ հուշագիր ստորագրեցին, որով պարտավորվում են առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում արմատապես բարեփոխել երկրի իրավապահ համակարգը։ Ուշագրավ է, ի դեպ, որ ընդդիմադիրների կողմից ստորագրված այս հուշագիրը ինքնին բարեփոխումների ծրագիր է՝ քայլերի հստակ հաջորդականությամբ և ամեն մի գերատեսչությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մանրամասն նկարագրությամբ։

«Այս բարեփոխումները ամբողջությամբ համապատասխանում են քաղաքական այն մոտեցումներին, որոնք որդեգրել է Ազգային միացյալ շարժումը», - հայտարարում էր կուսակցության խորհրդի անդամ, Վրաստանում 2000-ականների կեսերին և Ուկրաինայում 2014-16 թվականներին իրականացված ոստիկանական բարեփոխումների հեղինակներից մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն։

Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար անդամի խոսքով` ընդդիմության կողմից առաջարկվող բարեփոխումների հիմնական նպատակը իրավապահ համակարգը ներքաղաքական պայքարում ներգրավումից զերծ պահելն է։ «Մենք լավ ենք հասկանում, որ Վրաստանի ոստիկանությունը պետք է ապաքաղաքականացվի, իսկ ոստիկանը պետք է արժանապատվորեն ծառայի հանրությանը, այլ ոչ թե քաղաքական պատվերներ կատարի», - հայտարարում էր Դեկանոիձեն։

Ընդդիմադիրների ներկայացրած բարեփոխումների ծրագրի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը պետք է զրկվի ոստիկանական գործառույթներից, իսկ այդ գերատեսչության լիազորությունների մեծ մասը առաջարկվում է փոխանցել տեղական ինքնակառավարման համակարգում աշխատող ընտրովի շերիֆներին։

Դատախազության պարագայում ընդդիմադիրներն առաջարկում են այդ կառույցին զրկել քննչական գործողությունները վերահսկելու իրավունքից՝ դատախազներին թույլ տալով միայն դատարաններում որպես մեղադրող հանդես գալ։

Ամենաարմատական փոփոխությունների էլ, ըստ վրացական ընդդիմության, հարկավոր է ենթարկել երկրի անվտանգության համակարգը։ Ընդդիմադիր կուսակցություններն առաջարկում են լուծարել Պետական անվտանգության ծառայությունը՝ փոխարենը անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելով։

XS
SM
MD
LG