Մատչելիության հղումներ

Ժոզեպ Բորել․ «Եվրոպային ավելի մեծ ռազմավարական անկախություն է պետք»


Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ

Ամբողջ Եվրոպայի համար շոկ էր Աֆղանստանում թալիբների սրընթաց առաջխաղացումը և մայրաքաղաքի անկումը:

Միացյալ Նահանգների բանակի արագ դուրսբերումն ուղեկցվել է ընդհարումներով, ստեղծվել է քաոսային վիճակ, օգոստոսի 26-ին Քաբուլի օդակայանի տարածքում «Իսլամական պետություն» կառույցի մահապարտներ-ահաբեկիչները ռումբեր են պայթեցրել, ինչի հետևանքով սպանվել են մոտ 170 աֆղանստանցի բնակիչներ և 13 ամերիկացի զինծառայողներ:

Թիրախն օդակայանն էր, քանի որ այն գտնվել է Միացյալ Նահանգների և արևմտյան մի քանի այլ երկրների զինծառայողների հսկողության տակ և այնտեղ հավաքվել էին թալիբներից փախչող հազարավոր աֆղանստացիներ:

Միացյալ Նահանգների և դաշնակիցների համատեղ ջանքերով Աֆղանստանից օդային ճանապարհով տարհանվել է մոտ 123 հազար մարդ:

Այսօր Հին մայր ցամաքում ամենաբարձր մակարդակով ցավով նշում են, որ տարհանումը պետք էր ավելի համակարգված իրականացնել, բայցև խոստովանում, որ առանցքային դերակատարը Միացյալ Նահանգներն էր, հետևաբար, Եվրոպան ասելիք գրեթե չուներ:

Հենց այդ հանգամանքին է նախօրեին անդրադարձել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Կարծում եմ, միության բոլոր անդամ երկրների, կամ առնվազն, դրանց մեծամասնության համար ակնհայտ է, որ մենք պետք է զարգացնենք հարկ եղած դեպքերում ավելի անկախ գործելու մեր կարողությունը, դրան այնընտրանք չկա»,- ասել է Բարձր ներկայացուցիչը:

Խոսքը ռազմական կարողությունների մասին է: Եվրամիությունը դեռ 2007 թվականին է ստեղծել 1500-հոգանոց միացյալ ռազմական ստորաբաժանում, որը, սակայն, այդ շուրջ 15 տարիների ընթացքում ոչ մի գործողության չի մասնակցել:

Բորելի համոզմամբ, Եվրամիությանն անհրաժեշտ են արագ արձագանքման ուժեր, որոնք հնարավոր կլինի տեղակայել ճգնաժամի օրերին:

Բորելը սակայն նշել է, որ Եվրամիության 27 անդամ-երկրների պաշտպանության նախարարներից ոչ բոլորն են հավանություն տալիս այդ գաղափարին:

Վաղուց քննարկվող այդ նախաձեռնությունը երբեք առանձնահատուկ ուշադրության չի արժանացել, քանի որ Եվրոպայում միշտ ապավինել են ՆԱՏՕ-ին և այդ դաշինքի առաջատար Միացյալ Նահանգներին, սակայն Աֆղանստանի իրադարձությունները վկայել են, որ ինչ-ինչ հանգամանքներում Հին մայր կարող է ստիպված լինել ավելի ինքնուրույն գործել:

«Բայդենը Միացյալ Նահանգների երրորդ նախագահն է, ով զգուշացրել է, որ Ամերիկան տարանջատվում է աշխարհի պատերազմներից: Բայդենն օրերս ներկայացրել է դրա հիմնավորումը, որը պետք է ահազանգ լինի եվրոպացիների համար առ այն, որ նրանք էլ պետք է պատասխանատվության իրենց բաժինը ստանձնեն», - ասել է Բորելը:

Ենթադրվում է, որ Եվրամիությունը նոյեմբերին հատուկ քննարկում կանցկացնի արագ արձագանքման ուժերի հարցով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG