Մատչելիության հղումներ

Անցած 11 օրում Արևմուտքն ավելի քան 88 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից


Աֆղանստանից հեռանալու մտադրություն ունեցող հազարավոր մարդիկ հավաքվել են օդակայանի մոտ, Քաբուլ, 25 օգոստոսի, 2021թ.

Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդակայանից, քանի որ ստացվել են տեղեկություններ այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը կարող է հարձակվել օդակայանում և դրան հարող տարածքում հավաքված մարդկանց վրա:

Ամերիկացիներից զատ այդ կոչով են մարդկանց դիմել նաև Բրիտանիայի և Ավստրալիայի իշխանությունները:

Հազարավոր աֆղանստանցիներ և օտարերկրացիներ այս օրերին գտնվում են օդակայանում և փորձում են հեռանալ Աֆղանստանից:

Թալիբները խոստացել են ապահովել մարդկանց անվտանգությունը, սակայն «Իսլամական պետությունը» թշնամական հարաբերություններ ունի «Թալիբանի» հետ և կարող է նման սադրանքի դիմել՝ իրավիճակն ավելի սրելու համար:

Թալիբները 11 օր առաջ են գրավել Քաբուլը: Դրանից հետո ամերիկացիները և նրանց դաշնակիցներն Աֆղանստանից տարհանել են ավելի քան 88 հազար մարդկանց, ինչը համարվում է օդային ճանապարհով ամենալայնածավալ տարհանումը պատմության ընթացքում:

Միայն անցած 24 ժամում 19 հազար մարդ է դուրս բերվել Աֆղանստանից: ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ, օգոստոսի 25-ի դրությամբ Աֆղանստանի տարածքում կար մոտ 1500 ամերիկացի:

XS
SM
MD
LG