Մատչելիության հղումներ

Աֆղանստան․ 21-րդ դարի խոշորագույն խաղը


Աֆղանստան, մարդիկ դրոշները ձեռքներին մասնակցում են «Թալիբան» շարժման դեմ ցույցին, 18-ը օգոստոսի, 2021թ.
Աֆղանստան, մարդիկ դրոշները ձեռքներին մասնակցում են «Թալիբան» շարժման դեմ ցույցին, 18-ը օգոստոսի, 2021թ.

Վերադառնում են խմբավորման վտարանդի առաջնորդները

Երրորդ օրն է` հազարավոր աֆղանցիներ ամեն գնով, թեկուզ ինքնաթիռի թևերից կառչելով փորձում են հեռանալ հայրենիքից, որն անցած շաբաթավերջին լիովին անցել է «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո: Արևմտյան պետություններն օրական մի քանի տասնյակ չվերթ են իրականացնում` իրենց քաղաքացիներին, դիվանագետներին ու աֆղանցիներին տարհանելու համար:

Մինչ այդ ամենայն շուքով Աֆղանստան են վերադառնում զինյալ խմբավորման վտարանդի առաջնորդները: Երեկ Քաթարից վերադարձել է «Թալիբան»-ի, այսպես կոչված` քաղաքական թևի առաջնորդ Մուլլա Աբդել Գանի Բարադարը, ընդ որում տասը տարվա բացակայությունից հետո Մուլլան ժամանել է ոչ թե մայրաքաղաք Քաբուլ, այլ` Քանդահար, որը համարվում է «Թալիբան»-ի հոգևոր ծննդավայրը, քաղաք, որը զինյալների հենակետն էր քսան տարի առաջ, երբ ամերիկյան զորքերը դեռ չէին մտել Աֆղանստան:

«Մենք գտնվում ենք պատմական փուլում և այժմ բանակցում ենք քաղաքական տարբեր խմբերի հետ` ձևավորելու հզոր, իսլամական կառավարություն, որը ընդունելի կլինի բոլորի համար», - երեկ հայտարարեց «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիլուլահ Մուջահիդը:

Խոսելով ապագայի մասին` իսլամական շարժումը միաժամանակ խոստացավ հարգել աֆղանցիների հիմնարար իրավունքները, չսահմանափակել կանանց ազատություններն ու ներել բոլոր նրանց, որ անցած քսան տարում պայքարել են թալիբների դեմ կամ համագործակցել Արևմուտքի հետ:

«Մենք երաշխավորում ենք բոլոր նրանց անվտանգությունը, որ աշխատել են Միացյալ Նահանգների ու նրա դաշնակից ուժերի հետ, խոսքը թե՛ թարգմանիչների մասին է, թե՛ այլ ոլորտում աշխատողների: Մենք չենք ուզում, որ տաղանդավոր ու բանիմաց մարդիկ լքեն երկիրը: Մենք ուզում ենք, որ նրանք ծառայեն իրենց հայրենիքին»,- առաջին իսկ ասուլիսում վստահեցրեց «Թալիբան» շարժման խոսնակը:


Ջալալաբադում թալիբները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

Երկրի մեծ ու փոքր քաղաքներից, սակայն, ստացվում են մտահոգիչ տեղեկություններ ճիշտ հակառակի մասին: Հաղորդվում է, թե ամերիկյան զինուժի հետ համագործակցող աֆղանցիներից մեկը նախօրեին անհետ կորել է, այսօր Ջալալաբադում թալիբները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, առնվազն մեկ մարդ զոհվել է, Քանդահարում էլ զինված խմբավորման ներկայացուցիչները մտել են տեղի դրամատներից մեկն ու հրահանգել, որ կանայք անմիջապես տուն վերադառնան: Է՛լ ավելի ցայտուն էր երեկվա ասուլիսին ներկա լրագրողներից մեկի դիտարկումը` «Թալիբան»-ի խոսնակը նստել էր հենց այն աթոռին, որ մինչև անցած շաբաթ կառավարության խոսնակն էր զբաղեցնում․ նրան թալիբները գնդակահարել էին օրեր առաջ:

Այս հաղորդումներն ու թալիբների արյունալի անցյալը վկայաբերելով` արևմտյան պետությունները հայտարարում են, թե նրանց իշխանությունը ճանաչելու հարցում չեն շտապելու: «Մենք թալիբների խոստումները շատ ենք լսել, բայց հիմա ուզում ենք իրական քայլերը տեսնել», - նախօրեին հայտարարել էր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Նույնը երեկ նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելն է հայտարարել, միաժամանակ ընդգծելով` դռները վերջնականապես չեն փակում և ի գիտություն են ընդունում Աֆղանստանում ստեղծված նոր իրավիճակը:

«Ես չեմ ասում, թե մենք մտադիր ենք չճանաչել թալիբների իշխանությունը, ես ասում եմ, որ մենք պետք է խոսենք նրանց հետ բոլոր հարցերի, այդ թվում` կանանց ու աղջիկների իրավունքները պաշտպանելու շուրջ: Նույնիսկ այս հարցում հաջողության հասնելու համար մենք պետք է շփման մեջ լինենք նրանց հետ: Սա չի նշանակում, թե նրանք ինչ էլ անեն` մենք դա կընդունենք: Մենք պայմաններ ենք դնելու շարունակական աջակցության համար և պատրաստվում ենք օգտագործել մեր բոլոր լծակները մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար», - ասել է Բորելը:

Բայդենի վարչակազմը սառեցրել է Աֆղանստանի կառավարության` ամերիկյան բանկերում պահ տված ունեցվածքը​. մամուլ

Արևմուտքի արդյունավետ լծակներից մեկն արդեն իսկ կարծես գործի է դրվել․ «Վաշինգտոն փոստ»-ը հաղորդում է, թե Բայդենի վարչակազմը սառեցրել է Աֆղանստանի կառավարության` ամերիկյան բանկերում պահ տված ունեցվածքը, որ հասնում է մոտ տասը միլիարդ դոլարի։ Պետդեպարտամենտից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն, հստակ է, որ Վաշինգտոնը կարող էր անարգել գնալ այդ քայլին, քանի որ «Թալիբան» շարժումը ամերիկյան պատժամիջոցների ցանկում է արդեն ավելի քան քսան տարի։

«Հաշիվների սառեցումը կարող է նվազագույնը որպես գործիք օգտագործվել թալիբների հետ բանակցություններում»,- «Վաշինգտոն փոստ»-ին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության միջազգային արժութային քաղաքականության գծով նախկին փոխնախարար Մարկ Սոբելը, ընդգծելով. «Այդ որոշումը պատճառաբանված է՝ ամերիկյան կողմը պետք է վստահելի գործընկեր ունենա, մինչդեռ այժմ հստակ չէ՝ արդյոք Աֆղանստանում ձևավորվող նոր կառավարությունն ընդունելի կլինի միջազգային համայնքի համար»։

Ակնկալվում է, որ վաղը Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հեռակա կքննարկեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, հաջորդ շաբաթ էլ այս հարցի շուրջ արտահերթ գագաթնաժողով կգումարեն աշխարհի առավել զարգացած երկրների՝ «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները։

Ու մինչ աշխարհը շունչը պահած սպասում է աֆղանական նոր կառավարության ձևավորմանն ու հետագա քայլերին, փորձագետները փաստում են՝ մի քանի շաբաթից, երբ Ամերիկյան կրկին հարգանքի տուրք կմատուցի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին, Քաբուլում լիակատար տեր ու տիրակալը կլինեն կրկին թալիբները, ինչպես քսան տարի առաջ, երբ ամերիկյան ուժերը դեռ չէին մտել Աֆղանստան։

«21-րդ դարի խոշորագույն խաղը սկսվեց»,- այսօր գրել է բրիտանական «Թայմս»-ը, փաստելով՝ հիմա շատ բան կախված է այն բանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն թալիբների հանդեպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք այսօր խորը հակասություններ ունեն Արևմուտքի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG