Մատչելիության հղումներ

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը


Թալիբները ներխուժեցին Քանդահար, 13 օգոստոսի, 2021թ.

Վերլուծաբանների համոզմամբ, առաջիկա ամիսներին «Թալիբան»-ը կարող է հսկողության տակ վերցնել նաև մայրաքաղաք Քաբուլը:

Թալիբների լայնածավալ ու սրընթաց արշավն Աֆղանստանում շարունակվում է, նրանք մեծ թվով շրջաններ են գրավել:

Քաբուլում գտնվող իշխանության համար քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգեբանական առումով հատկապես ցավոտ է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի անկումը:

Արևմտյան երկրների դիվանագիտական առաքելությունները և միջազգային կազմակերպությունները սկսել են դուրս հանել աշխատողներին:

Այսօրվա դրությամբ թալիբները հսկողության տակ են վերցրել Աֆղանստանի ամբողջ հյուսիսային մասը և շրջանային 5 կենտրոն, ընդ որում` շատ դեպքերում կառավարական բանակը չի էլ դիմադրել:

Քանդահարից զատ կենտրոնական կառավարությունը կորցրել է նաև երրորդ քաղաքը՝ Հերաթը:

Արձագանքելով թալիբների առաջխաղացմանը, Պենտագոնը մոտ 3 հազար զինծառայող է ուղարկել Քաբուլ՝ ամերիկյան դեսպանատան աշխատողների անվտանգ դուրսբերումն ապաhովելու համար:

«Մեր առաջին քայլը կլինի այս պահին կենտրոնական հրամանատարության ենթակայության ներքո գտնվող երեք գումարտակների տեղակայումը Քաբուլի օդակայանում, դա տեղի կունենա 24-48 ժամում, այդ երեք գումարտակներից երկուսը ԱՄՆ ծովային հետևակից են, մեկը` ԱՄՆ բանակից»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Խնդիրը մեկնաբանել է ոչ միայն պաշտպանության նախարարությունն, այլև արտաքին գերատեսչությունը:

«Հաշվի առնելով անվտանգության հանգամանքները, մենք շարունակում ենք կրճատել մեր քաղաքացիական ներկայությունը Քաբուլում, առաջիկա շաբաթներին մենք նվազագույնի կհասցնենք Աֆղանստանում մեր դիվանագետների թիվը, թողնելով միայն այնտեղ անհրաժեշտ առանցքային կազմը, դուրսբերումն ապահովելու նպատակով մենք լրացուցիչ ծառայողներ ենք տեղակայել Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդակայանում»,- ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Փրայսը նաև հավաստիացրել է, որ դեսպանությունը չի դադարեցնի աշխատանքը և, մասնավորապես, կշարունակի ներգաղթյալների մուտքի վիզաներ տրամադրել ու դիվանագիտական մակարդակով համագործակցել Աֆղանստանի կառավարության հետ:

Նա հավաստիացրել է, որ «Ամերիկան չի հրաժարվում Աֆղանստանի ժողովրդին սատարելու առաքելությունից»:

Բրիտանիան նույնպես լրացուցիչ ուժեր է տեղակայում իր դիվանագետներին պաշտպանելու համար:

Լոնդոնում ահազանգում են, Աֆղանստանը հետզհետե վերածվում է ձախողված պետության, որի տարածքում կդիրքավորվեն Ալ-Ղայդան և ահաբեկչական այլ կառույցներ:

Թալիբների գրոհներից սարսափած աֆղանստանցիների շրջանում այս ողբերգության համար մեղադրում են ամերիկյան բանակն արագ դուրս հանելու վճիռ կայացրած Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին:

Նախագահն այս շաբաթ ասել է, թե չի զղջում այդ որոշման համար, ավելացնելով, որ Ամերիկան ավելի քան 1 տրիլիոն դոլար է ծախսել աֆղանական ռազմական արշավի վրա և հազարավոր զինծառայողներ է կորցրել:

Ամերիկյան հետախուզական կառույցների համոզմամբ, թալիբներն ի զորու են մայրաքաղաք Քաբուլը պաշարել մեկ ամսում և երեք ամսում այն գրավել: Փորձագետները չեն բացառում, որ դա կարող է նույնիսկ ավելի շուտ տեղի ունենալ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Աֆղանստանի մայրաքաղաքի վրա թալիբների հարձակումը կհանգեցնի խաղաղ բնակչության համար աղետալի հետևանքների»:

Այսօրվա դրությամբ Քաբուլի կառավարության հսկողության տակ են Աֆղանստանի մեծությամբ 4-րդ և 5-րդ քաղաքները՝ Մազարիշարիֆը և Ջալալաբադը:

XS
SM
MD
LG