Մատչելիության հղումներ

Բեյրութի պայթյունից մեկ տարի անց. մեղավորները մինչ օրս անպատիժ են


Լիբանան - Հուժկու պայթյունին հաջորդած հրդեհները, Բեյրութ, 4-ը օգոստոսի, 2020թ.
Լիբանան - Հուժկու պայթյունին հաջորդած հրդեհները, Բեյրութ, 4-ը օգոստոսի, 2020թ.

Այսօր լրանում է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հուժկու պայթյունի տարելիցը, որն ավելի քան 200 մարդու կյանք էր խլել, հարյուրավորներին դարձրել հաշմանդամ, հողին հավասարեցրել 77 հազար տուն` 300 հազար մարդու թողնելով անօթևան:

«Շատ վերքեր կան, որ մինչև հիմա չեն լավացել», - ասում է աղետը վերապրած 36-ամյա Շադի Ռիզկին ու հաշվում պայթյունից հետո դեմքին ու մարմնին մնացած սպիները, որոնց թիվն անցնում է 350-ից:

Ըստ մասնագետների, լիբանանյան աղետը ամենասարսափելիներից մեկն էր երբևէ տեղի ունեցած ոչ միջուկային պայթյունների շարքում: Ավելի ուշ պարզվել էր, որ դրա պատճառը եղել է նավահանգստում ամբարված 2750 տոննա ամոնիումի նիտրատը: Դյուրավառ նյութը պետք է հասներ Մոզամբիկի պայթուցիկների գործարան, սակայն ճանապարհին բեռնատար նավը խարիսխ էր գցել Բեյրութում` իրավական ինչ֊ինչ խնդիրների պատճառով: Լիբանանցիները կալանել էին նավը, բեռը տեղափոխել պահեստ ու պահել ոչ ավել, ոչ պակաս` 7 տարի, մինչև անուշադրությունն աղետի էր վերածվել:

«Ողբերգությունն այդպես էլ մեզ դաս չտվեց», - ասում է Շադի Ռիզկին: -
«Մինչ օրս որևէ մեկը չի ձերբակալվել, որևէ մեկը հրաժարական չի ներկայացրել, ոչ էլ` բանտարկվել: Ճշմարտությունը դեռ հայտնի չէ, ճշմարտություն, որ նրանք մեզ խոստացել էին հայտնել պայթյունից ընդամենը տասը կամ` հինգ օր անց»:

Արյունալի իրադարձությունների տարելիցի նախօրեին հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը ծավալուն հետաքննություն է հրապարակել, պնդելով, թե մեղավորները մինչ օրս անպատիժ են` Լիբանանի իրավական ու քաղաքական համակարգում առկա խնդիրների` կոռուպցիայի, վատ կառավարման ու ամենաթողության պատճառով:

700-էջանոց զեկույցը նշում է, որ երկրի Անվտանգության ծառայությունը պայթյունից ամիսներ առաջ վարչապետի պաշտոնակատարին, նախագահին, Ֆինանսների նախարարության ու Մաքսային ծառայության պաշտոնյաներին զգուշացրել էր հնարավոր վտանգների մասին. - «Ապացույցները վկայում են՝ որոշ պետական պաշտոնյաներ կանխատեսել են, որ նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը կարող է մարդկային կորորսւտների հանգեցնել, և լռելյայն հաշտվել այդ հնարավորության հետ»:

Մեղավորներին բացահայտելու համար ողբերգությունից անմիջապես հետո հետաքննություն էր սկսվել, որը, սակայն, մի քանի ամիս է` դոփում է տեղում: Քննիչները չեն կարողանում հարցաքննության կանչել բարձրաստիճան պաշտոնյաներին ու Անվտանգության ծառայության աշխատակիցներին, քանի որ վերջիններս անձեռնմխելիություն ունեն:

Փակուղուց դուրս գալու համար քննությունը պետք է իրականացվի դրսում, պնդում է Human Rights Watch-ը. - «Մենք կոչ ենք անում ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդին սեփական հետաքննությունը սկսել, նախընտրելի է` սեպտեմբերին կայանալիք նիստում: Դա կնպաստի արդարադատությանը, քանի որ այդ քննությունը փաստերը բացահայտելու ավելի մեծ հնարավորություններ ունի և հույսեր կարթնացնի Լիբանանում արդեն շատ երկար շարունակվող ամենաթողությանը վերջ տալու հարցում»:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքներն այսօր ամենուր են` քանդված շենքերից մինչև տնտեսություն ու կառավարություն: Վերջին ամիսներին Լիբանանի արտաքին պարտքը կտրուկ ավելացել է, գները` սրընթաց աճել, բնակչության ավելի քան 50 տոկոսն ապրում է աղքատության մեջ, մինչդեռ քաղաքական ուժերին այդպես էլ չի հաջողվում համաձայնության գալ կառավարություն ձևավորելու հարցում: Անցած աշնանը կաբինետը հրաժարական էր տվել, և մինչ օրս գործում են վարչապետի ու նախարարների պաշտոնակատարները, որոնք զրկված են լայնածավալ ու երկարաժամկետ բարեփոխումներ անելու հնարավորությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG