Մատչելիության հղումներ

«Երանի այդ նավը ծովում խորտակվեր»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զրուցում է հուսահատված բնակիչների հետ, Բեյրութ, 6 օգոստոսի, 2020թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զրուցում է հուսահատված բնակիչների հետ, Բեյրութ, 6 օգոստոսի, 2020թ.

Մեկ վայրկյանում 300 հազար մարդ դարձավ անօթևան

Տասնամյակներ շարունակ Լիբանանն ապրել է քաղաքացիական պատերազմի պայմաններում և ակամա ներքաշված է եղել արաբ-իսրայելյան արյունալի համակարտության մեջ, բայց այսպիսի արհավիրք չէր տեսել:

Տառացիորեն մեկ վայրկյանում հսկայական պայթյունը ոչնչացրել է Բեյրութի նավահանգիստը և վարչական շրջանի զգալի մասը: Զոհվել է մոտ 150 մարդ, 5 հազար բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան ավերակների տակ մնացած մեծ թվով մարդիկ, հարյուրավոր մեծ ու փոքր հիմնարկներ բառիս բուն իմաստով հոդս են ցնդել, մեկ վայրկյանում 300 հազար բնակիչ անօթևան է դարձել:

Կան զոհեր և վիրավորներ, ունեցվածքից զրկվածներ նաև հայ համայնքի շրջանում:

«Մերձավոր Արևելքի Փարիզի» ողբերգությունը

Սարսափելի պայթյունն այնքան հզոր էր, որ դրա արձագանքը հասել է Բեյրութից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա:

Տարբեր մշակույթների կրող, կենսախինդ մարդկանցով բնակեցված Բեյրութը գեղեցիկ ճարտարապետության և զարմանալի ազատ մթլոլորտի ու հետաքրքիր արվեստի համար նախկինում անվանել են Մերձավոր Արևելքի Փարիզ, իսկ այսօր այն, կարծես, Մերձավոր Արևելքի Հիրոշիման լինի:

Պայթյունից առաջ էլ Լիբանանը ճգնաժամի մեջ էր

Բեյրութի նավահանգստի պահեստում ամոնիումի նիտրատի պայթյունը վերջինն էր Լիբանանի դժբախտությունների շարքում:

Տարիներ առաջ սկսվել է քաղաքական և տնտեսական ծանր ճգնաժամը, բնակիչների եկամուտները կտրուկ նվազել են։ Լիբանանցիներն ասում են, թե կոռուպցիան և անպիտան ու ագահ ղեկավարները խժռել են մարդկանց փողերը:

Բեյրությում գրեթե ամեն օր խափանվել է հոսանքի մատակարարումը, մարդիկ ժամերով հերթ են կանգնել հացի ու ամենատարրական առաջին անհրաժեշտության ապրանքի համար:

«Այստեղ էլ ոչ մի բանի համար չես կարողանում տխրել»

Իսկ այս տարեսկզբից այդ բոլոր անախորժություններին գումարվել է կորոնավիրուսը: Այսպես է մղձավաջը նկարագում մի անանուն բեյրութցի.- «Ի՞նչ պետք է զգամ, Թվիթերում գրում են, թե մենք Լիբանանում վերապրեցինք պայթյունը, ամեն անգամ մի դժբախտություն. անցյալ տարի անտառային հրդեհներն էին, հետո հեղափոխությունը, տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսը։ Սա կյանք չէ․․․ հիմա էլ էդ պահեստը, եթե պայթել է՝ պրոբլեմ է, եթե պայթեցրել են՝ մի ուրիշ պրոբլեմ է, էլ ոչինչ չես զգում Լիբանանում, այստեղ էլ որևէ բանի համար չես կարող տխրել, սա է մեր երկիրը, այսպես ենք ապրում», - ասել է ընկճված երիտասարդը:

Նավահանգստում թաքնված ռումբը

Լիբանանցիներն ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են անցկացրել, պահանջել են պայքար կաշառակերների դեմ, աշխատատեղեր, արդարություն:

Մինչդեռ, տարիներ շարունակ նավահանգստում թաքնված չարիքը սպասել է իր ժամին: Ամոնիումի նիտրատ: Դա փաստորեն դանդաղ գործողության ռումբ էր, որը մի օր պետք է պայթեր:

Եվ հիմա հուսահատված ու զայրացած լիբանանցիներն ուզում են իմանալ, թե ինչո՞ւ են այդ վտանգավոր նյութը բեռնատար նավով հասցրել նավահանգիստ և պահել՝ խախտելով անվտանգության կանոնները: Տասնյակ չինովնիկների նկատմամբ տնային կալանքի որոշում է ընդունվել:

«Ռոյթրը» գտել է Բորիս Պրոկոշևին, ով տարիներ առաջ այդ չարաբաստիկ նավի` Rhosus-ի նավապետն էր:

«2750 տոննա, 2750 պարկ, ամեն մեկում մեկ տոննա, բարձր խտության ամոնիումի նիտրատ, եթե բեռը վտանգավոր էր, երանի այդ նավը խորտակվեր: Կամ էլ պետք էր այդ նավը քարշ տալով հեռացնել, տանել այլ տեղ, վաճառել բեռը, եթե այն ժամանակ իմանայի այն, ինչ հիմա գիտեմ, ես էդ նավը չէի բարձրանա», - ասել է Պրոկոշևը:

Բեռնատարը Ռուսթավիում արտադրված ամոնիումի նիտրատը 2013-ին պետք է փոխադրեր Մոզամբիկ՝ պայթուցիկների գործարան, ճանապարհին խարիսխ է գցել Բեյրությում:

Հետո իրավական խնդիրներ են ծագել, լիբանանցիները նավի վրա կալանք են դրել, ամիսներ շարունակ անձնակազմը մնացել է նավահագստում, նավի սեփականատերը ոմն Իգոր Գրեչուշկինն է, ով հիմա ապրում է Կիպրոսում:

Նիտրատը նավից փոխադրել են նավահագստի պահեստ, անձակազմին թույլատրել են տուն վերադառնալ, իսկ դատարկ Rhosus նավը, ըստ պաշտոնապես դեռ չհաստատված տեղեկությունների, 2018-ին խորտակվել է հենց Բեյրութի նավահանգստում:

Մակրոնն առաջարկում է միջազգային հետաքննություն

Միջազգային համայնքից առաջինը Բեյրութի ողբերգությանն արձագանքել է Ֆրանսիան: Նախագահ Էմանյուէլ Մակրոնը խոստովանել է, որ դժբախտության պատճառի մասին ստույգ տեղեկություն չունի:

«Չգիտեմ ավելին, քան հայտնի է հանրությանը։ Մեզ անհրաժեշտ է բաց և թափանցիկ միջազգային հետաքննություն, չի կարելի որևէ բան թաքցնել, չի կարելի կասկածների տեղ թողնել», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Առաջիկայում Ֆրանսիան ինքնաթիռներով և նավերով մարդասիրական օգնություն կհասցնի Լիբանան:

Հայազգի բժիշկն օգնում է Լիբանանին

Բժիշկների թվում առաջիններից Լիբանան է հասել «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպության թիմը, որի ղեկավարը ծագումով հայ Մեգո Թերզյանն է։ Նա ազգականներ ունի Լիբանանում:

«Որպես լիբանանցի, ես շանթահարված էի, առաջինն, ինչ ուզում էի անել՝ զանգահարել ընտանիքիս, որն աղետի վայրից ոչ հեռու է բնակվում: Բայց հետո զգացի, որ նախ պետք է պարզենք, թե ինչ է կատարվել երկրում, ինչ վիճակում են մեր բժիշկները, ինչ արտակարգ միջոցներ ենք ձեռնարկելու այս պայմաններում աշխատելու համար», - ասել է Մեգո Թերզյանը:

Երևանի բժշկականի նախկին ուսանող, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Թերզյանի համոզմամբ, Լիբանանը կարող է հաղթահարել այս ողբերգությունը:

«Չնայած դժվարություններին, այդ մեծ դժբախտությանը, ես և գործընկերներս լավատես ենք։ Հուսով ենք, որ լիբանանցիները կկարողանան դիմագրավել», - ասել է Թերզյանը:

Լիբանանին հիմա տասնյակ պետություններ են օգնում: Առաջատարն այդ երկրի հետ պատմական կապեր ունեցող Ֆրանսիան է:

«Պայթյունը կիսեց ժամանակը՝ մինչև օգոստոսի 4-ը և դրանից հետո»

Նախագահ Մակրոնը նույնպես հավատում է Լիբանանի ապագային: Նրա համոզմամբ, այս մղձավանջը վերապրելու համար քաղաքական կամք է պետք։ Անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ, բարեփոխել էներգետիկան, ապահովել բանկային համակարգի թափանցիկությունը, Կենտրոնական բանկում աուդիտ անցկացնել։ Այդ դեպքում միջազգային համայնքը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ՄԱԿ-ը, միջազգային այլ կառույցներ և պետություններ անվերապահորեն կօգնեն Լիբանանին:

«Սարսափելի պայթյուն որոտաց Լիբանանի հուսահատության լանջին և կիսեց ժամանակը՝ օգոստոսի 4-ից առաջ և հետո, Լիբանանն արթնացավ ուժասպառ ու վերքերով պատված։ Բայց չնայած դրան, ես հավատում եմ, որ Լիբանանը կհառնի, այդպես էր անցյալում, Լիբանանն ունի ոտքի կանգնելու ուժ», - ասել է Մակրոնը:

Պստիկ Ջորջը շնորհակալ է բժիշկներին

Հենց պայթյունի պահին Բեյրութի ծննդատանը լույս աշխարհ եկավ պստիկ լիբանանցի Ջորջ Խնաիսերը:

Երջանիկ և հուզված հայրը՝ Էդմոն Խնաիսերը պատրաստվում էր տեսագրել արու զավակի ծնունդը, կնոջը՝ Էմանուելային արդեն փոխադրում էին պալատ և մեկ էլ որոտաց պայթյունը:

Առաջին շոկից հետո ուշքի եկած բժիշկներն արել են իրենց աշխատանքը, Ջորջը ծնվել է, առողջ է, ծննդկանը նույնպես: Հայրը զավակի անունից սոցցանցում նամակ է գրել բժիշկներին․ - «Շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիք, որ գամ այս աշխարհ, հուսով եմ, մի օր ես այս պարտքս կմարեմ, Ջորջ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG