Մատչելիության հղումներ

Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունը խլել է առնվազն հարյուր հոգու կյանք


Բեյրութի թաղամասերից մեկը պայթյունից հետո։
Բեյրութի թաղամասերից մեկը պայթյունից հետո։

Լիբանանի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հարյուր հոգի, վիրավորների թիվը մոտ 4 հազար է։ Սպասվում է, որ այս թվերը կաճեն։ Նկատելիորեն տուժել է կենտրոնական Բեյրութը։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել Լիբանանին։

Հայաստանի արտգործնախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ են Լիբանանի իշխանութունների և տեղի հայ համայնքի հետ․ ընթանում է կարիքների գնահատում, որից հետո Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը բարեկամ Լիբանանին աջակցություն ցուցաբերելու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղաղար Մանե Գևորգյանը։

Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ իր զորակցությունը հայտնելով Լիբանանի բարեկամ ժողովրդին։ Փաշինյանը նաև Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Լիբանանին։ Իր հերթին Աունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում գրել էր. - «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին»։

Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը՝ զորակցություն ու պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր միջոցներով։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է տեղավորել լիբանանահայերի մինչև 150 ընտանիք, նրանց տրամադրել տուն, աշխատանք և առաջին անհրաժեշտության այլ օգնություն։

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ, Լիբանանի նախագահ Միշել Աունը հատարարել է, որ պայթել է Բեյրութի նավահանգստի մոտ պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը, որը կիրառվում է ռումբերի և պարարտանյութերի արտադրության մեջ։ Նա մանրամասնել է, որ այդ քանակությամբ ամոնիումի նիտրատը վեց տարի ամբարված է եղել նավահանգստի մոտ՝ առանց անվտանգության նորմերի պահպանման։

Associated Press-ի փոխանցմամբ, հիմք ընդունելով ժամանակահատվածը և բեռի չափը, ամոնիումի նիտրատը Բեյրութ է տեղափոխել MV Rhosus անվամբ նավը 2013 թվականին, երբ տեխնիկական խնդիրների պատճառով հարկադարված կայանել է Բեյրութի նավահանգստում։ Բեռը տեղափոխվում էր Վրաստանից Մոզամբիկ։

Ըստ Al Jazeera-ի, Բեյրութի քաղաքապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ անօթևան է դարձել 200 հազարից մինչև 250 հազար մարդ, իսկ նյութական վնասը գնահատվում է 3-5 միլիարդ դոլար։

Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը կեսօրին մոտ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է, վիրավորների թիվը՝ մոտ հարյուրը։ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Տուժած Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկությունը հստակեցվում է, «Ազատությանը» փոխանցեց Նաղդալյանը։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ Լիբանանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է այդ երկրում գտնվող հայ խաղաղապահների հետ, որոնք ծառայություն են իրականացնում Լիբանանի հարավային սահմանի ուղղությամբ։ Այն բավական հեռու է դեպքի վայրից, խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը

Բեյրութում հրատարակվող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը իրավիճակը Բեյրութում աղետալի որակեց․ - «Շատ աղետալի վիճակ է, որովհետև նման ուժգնության, հզորության պայթյուն պատերազմի ամբողջ ընթացքում չէր եղել։ Մենք տեսել ենք հրթիռակոծումներ, օդուժի հարվածներ․․․ բայց նման ուժգնությամբ որևէ բան չէր եղել։ Սա աննախադեպ էր իր հզորությամբ, իր ծավալով և մասշտաբով։ Եվ իր հետևանքներով՝ մարդկային զոհեր, հազարավոր վիրավորներ, շատ մեծ վնասներ։ Իրավիճակը սա է։ Բնականաբար, հիվանդանոցները գերծանրաբեռնված են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG