Մատչելիության հղումներ

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար. «Սոցիալական պայթյունն օրերի հարց է»


Լիբանանի վարորդները ժամերով սպասում են լցաակայանների մոտ, Բեյրութ, 29 հունիսի, 2021թ.

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը նախազգուշացրել է երկրում հասունացող լուրջ ընդվզումների վտանգի մասին:

Դիաբը միջազգային համայնքին կոչ է արել օգնել տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին, քանի դեռ կա ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է Բեյրությում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներին:

Համաշխարհային բանկը Լիբանանի իրավիճակն անվանել է «ամենածանր ճգնաժամն արդիական պատմության ընթացքում»:

Լիբանանի ազգային տարադրամն 90 տոկոսով արժեզրկվել է, բնակիչների կեսից ավելի հայտնվել է աղքատության պայմաններում: Վառելիքի և մի շարք այլ ապրանքների պակասը լարված կացություն է առաջացրել:

Անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Դիաբը հրաժարական է ներկայացրել և դրանից հետո կառավարությունը ղեկավարում է որպես վարչապետի պաշտոնակատար:

Կրոնական համայնքների սկզբունքով գործող քաղաքական ուժերը տարաձայնությունների հետևանքով չեն կարողանում համաձայնեցնել կառավարության հարցը:

Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լիբանանի քաղաքական վերնախավին է մեղադրում այդ քաոսային իրավիճակի համար, ասելով, որ պետական այրերը չեն կարողանում կառավարություն կազմել և բարեփոխումներ իրականացնել:

Միջազգային համայնքը նկատել է տվել, որ Լիբանանին չի սատարի, քանի դեռ այդ երկրում չեն պայքարում համատարած կոռուպցիայի դեմ:

Վարչապետի պաշտոնակատար Դիաբը խնդրում է օգնությունը չկապել կառավարության կազմավորման հետ:

«Ես կոչ եմ անում չպատժել Լիբանանի ժողովրդին կաշառակերների գործողությունների համար: Ո՞ր մեղքի համար շարքային լիբանանցին պետք է վճարի դրա գինը, մի՞թե կոռուպցիոներների հանցանքների համար լիբանանցին պետք է մահանա հիվանդանոցի դռան մոտ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հասան Դիաբի խոսքով, Լիբանանում համազգային ընդվզումը կարող է մեկնարկել առաջիկա օրերին:

«Դա օրերի հարց է»,- նախազգուշացրել է Դիաբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG