Մատչելիության հղումներ

Աշխարհն արձագանքում է Լիբանանի ողբերգությանը


Հրշեջները մարում են նավահանգստում պայթյունից հետո բռնկված գրդեհը, Բեյրութ, 4 օգոստոսի, 2020թ.

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահագստին և վարչական շրջանի զգալի մասին ծանրագույն վնաս հասցրած ու ավելի քան հարյուր մարդու կյանք խլած հուժկու պայթյուններից հետո երկիրը սգո մեջ է: Լիբանանի իշխանությունը բարեկամ պետությունների օգնությունն է հայցել:

Ողբերգությանն արձագանքել են մեծ թվով պետություններ: Քաթարի բեռնատար օդանավերն օգնություն են փոխադրում Լիբանան, որտեղ առնվազն 4 հազար բնակիչներ վնասվածքներ են ստացել, Լիբանանի մայրաքաղաքի հիվանդանոցները լցված են վիրավորներով:

Ֆրանսիայի քաղացիական պաշտպանության ծառայությունը մեկնում է Բեյրութ: «Իմ ղեկավարած ջոկատում կան տարբեր մասնագետներ, մենք ունենք ավերակների տակ մնացած մարդկանց որոնելու և դուրս հանելու հնարավորություն, արդիական սարքավորումներ, որոնող հատոկ շներ:

Մենք կարող ենք նաև բուժօգնություն տրամադրել, առաջին օգնությունը տալ նրանց, ովքեր այն չեն ստացել հիվանդանոցներում»,- ասել է Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության ջոկատի հրամանատար Վինսեն Տիսիեն: Ջոկատում 50 անդամ է:

Նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան 6 տոննա օգնություն կուղարկի Բեյրութ, բացի այդ, Լիբանան կգործուղվի շտապօգնության բժիշկների թիմ:

Լիբանանին կօգնի նաև Հունաստանը: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը Ս-130 տեսակի ուղղաթիռով մեկնում է Բեյրութ, ուղղաթիռը նաև մարդասիրական օգնություն է հասցնելու Լիբանան:

«Իմ խորհին ցավակցությունն եմ հայտնում Լիբանանի ժողովրդին, երեկվա ողբերգության առիթով»,- ասել է Հունաստանի վարչապետը, ավելացնելով, որ մարդասիրական օգնության գործողությունը կարգավորում են Հունաստանի պաշտպանության նախարարությունը և քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աշխարհի հավատացյալներին խնդրել է աղոթել Բեյրութի համար:

«Երեկ Բեյրութի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր, ավերածություններ, եկեք աղոթենք Լիբանանի համար, աղոթենք, որ Լիբանանը միջազգային համայնքի օգնությամբ հաղթահարի այս ցավը»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և հավաստիացրել է, որ Վաշինգթոնը պատրաստ է օգնություն տրամադրել:

«Նախ ես Ամերիկայի անունից ցավակցություն եմ հայտնում Լիբանանի ժողովրդին, մեծ թվով մարդիկ են զոհվել Բեյրությում: Մենք աղոթում ենք զոհերի և նրանց ընտանիքների համար: Ամերիկան պատրաստ է օգնել Լիբանանին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Լիբանանի ժողովրդի հետ, և անպայման կօգնենք, այն, ինչ երեկ տեղի ունեցավ՝ նման էր ահավոր հարձակման»,- ասել է Թրամփը:

Թուրքիայի բարեգործական կազմակերպությունները փրկարարների խմբեր են ուղարկել Լիբանան: Նրանք փլատակներում որոնում են պայթյունը վերապրածներին և փորձում են այդ մարդկանց դուրս հանել:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հինգ օդանավով օգնություն և բժշկական սարքավորումներ է ուղարկում: Բեյրութում կաշխատի ռուսաստանցիների դաշտային հոսպիտալը:

Լիբանանին օգնում են Իրանը, տարածաշրջանի այլ երկրներ, Եվրոպական միությւնը, մեծ բրիտանիան, տասնյակ այլ պետություններ ամբողջ աշխարհից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG