Մատչելիության հղումներ

«Դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ». Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում


«Այդ փաստաթղթում կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով», - այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել համացանցում շրջանառվող փաստաթղթի մասին՝ ընդգծելով՝ «դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»:

«Եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհով ենք գնալո՞ւ, ի վերջո մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորս հայտնի հանգամանքներում, և այդ իրադրությունը պետք է կառավարվի: Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ, որ՝ ձևավորել հանձնաժողով եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով: Ասեմ, որ ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը, այդ փաստաթուղթը, որը դեռ քննարկման փուլում է, հրապարակի, դա շատ վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ, որ այո, դա այն միակ և եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ ինչի՞ է վերևը գրված «հավելված», ըստ ամենայնի պետք է լիներ проект, գրած է՝ приложение: Դա անկեղծ ասած տենց մեծ ուշադրության չի արժանացել, որովհետև այդ փաստաթուղթը այնպես չէ, որ բանակցված, համաձայնեցված և ստորագրության դրված փաստաթուղթ է, որ այդ դետալներով մենք քննարկենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով լուրերին, թե Արտգործնախարարությունը տեղյակ չէ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով:

Փաշինյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ևս մեկ անգամ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների»:

Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «թուղթը ստորագրելու եմ», այսպիսով՝ ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր փաստաթղթի ստորագրում։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԲՀԿ-ի հետ արտահերթ նիստ է նախաձեռնել։

XS
SM
MD
LG