Մատչելիության հղումներ

500-ից 600 ադրբեջանցիներ դեռևս Հայաստանի տարածքում են, իրադրությունը մնում է լարված, հայտարարում է Փաշինյանը


Ադրբեջանական ուժերը դեռ գտնվում են Հայաստանի տարածքում, մայիսի 12-ից ի վեր Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակում փոփոխություն չկա, իրադրությունը շարունակում է մնալ լարված, կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում, եթե մեկ շաբաթ առաջ Փաշինյանը խոսում էր Հայաստանի տարածք ներխուժած շուրջ 250 ադրբեջանցի զինվորների մասին, այսօր ասաց, որ նրանք 500-600-ն են։

«Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, մոտավորապես 500-600 հոգի, տարբեր հատվածներում», - նշել է Փաշինյանը:

Ոչ թե 500-600, այլ 250 ադրբեջանցի զինվորականների Հայաստանի սահմաններից ներս գտնվելու մասին վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր մայիսի 13-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Այսօր Փաշինյանը ավելացրեց, որ Հայաստանի նպատակն է ադրբեջանական զինծառայողների վերադարձն իրենց ելման դիրքեր՝ առանց ռազմական բախման։

«Այսինքն՝ մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Ընդ որում, ըստ Փաշինյանի, դիվանագիտական աշխատանքի են լծվել նաև փոխվարչապետերի գրասենյակները, ինչպես նաև Պաշտպանության նախարարության որոշ ստորաբաժանումներ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները խոսում են ղարաբաղյան հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին, ավելացրեց Փաշինյանը, սակայն ըստ նրա դրա համար ևս նախևառաջ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։

«Դիվանագիտական աշխատանք ենք տանում, համարում եմ հաջողված, ինչո՞ւ, որովհետև ըստ էության միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները նույնական են: Այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը», - նշեց նա:

Սյունիքում տեղական բանակցություններ արդեն ավելի քան մեկ շաբաթ որևէ արդյունք չեն տալիս, դրանք ընդհատվել են երեկ՝ մայիսի 19-ին, երբ ադրբեջանական կողմը չներկայացավ նախատեսված բանակցություններին։ Ավելին, Ադրբեջանը շարունակ ավելացնում է լարվածությունը Սյունիքի սահմաններին, ադրբեջանական կողմից սահման հատողներ այսօր ևս եղել են, «Ազատությանը» հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Ընդ որում, ավելի վաղ՝ 2 օր առաջ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Զինված ուժերի ստորաբաժանումները կանխում են Հայաստանի տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը:

«Անընդհատ լարվածություն է առաջացնում հակառակորդը իր զինված ուժերի կողմից, էս պահի դրությամբ էլ 30 հոգի էլի անցել են պետական սահման և խախտել են մեր սահմանը ու անընդհատ դրդում են կռվի, պատերազմի, բայց մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել», - նշեց Սյունիքի մարզպետը:

«Ազատության» հարցին՝ 30 հոգի նո՞ր է եկել, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց. «Մի ժամ առաջ ես ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից մտել են, էլի մեր պետական սահմանը խախտել են: Անընդհատ սենց լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք»:

Ըստ մարզպետի՝ զինված անձանց միջև բանակցությունները վտանգավոր են, և սահմանների հարցը պետք է լուծվի այլ ձևաչափով. «Բոլորը զինված՝ և՛ մեր կողմը, և՛ իրանց կողմը, սա անթույլատրելի է, մենք պետք է սրա հարցը, ճանապարհը գտնենք, ամենաճիշտ տարբերակը դա է իմ համար, որ եռակողմանի հանձնաժողովը գա, պետական սահմանը գծի, Էդ հարցի լուծումը դա է, ուրիշ լուծում չկա»:

Իրավիճակը լարված է նաև Գեղարքունիքի մարզում, որտեղ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներն այսօր կրակոցներ են արձակել, ըստ Պաշտպանության նախարարության, «ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել»։

Ապա պաշտպանության նախարարությունը հաղորդում է. «Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են, Հայաստանի զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»։

XS
SM
MD
LG