Մատչելիության հղումներ

Կրեմլը հորդորում է զուսպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին չճշտված տեղեկություններին


Կրեմլը այսօր հորդորել է չհավատալ մամուլում հրապարակված փաստաթղթերին և զուսպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին չճշտված տեղեկություններին, հավատալ միայն պաշտոնական աղբյուրներին։

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև իբրև թե ստորագրվելիք փաստաթղթին, որը երեկ տարածվել էր համացանցում, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է․ «Ընդհանուր առմամբ, դա այնքան նուրբ խնդիր է, և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այս իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ արձագանքել այդպիսի թեթևամիտ հրապարակումներին և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով»։

Այլ մանրամասներ Պեսկովը փաստաթղթի մասին չի հայտնել։

Ավելի վաղ, հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Մոսկվան իր միջնորդական ջանքերն է առաջարկում Բաքվին և Երևանին սահմանազատման հարցում և կողմերին առաջարկել է հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել սահմանազատման համար։ Հայաստանում երեկ մամուլում հայտնված փաստաթուղթը բուռն քննարկվում էր, վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ փստաթուղթն ամբողջովին բխում է Հայաստանի շահերից, և նա պատրաստվում է այն ստորագրել։

Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն աշխատում է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի, ինչպես նաև սահմանի սահմանազատման ուղղությամբ:

Զախարովան հայտարարում է՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հարցը Լավրովը քննարկել է հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել էլ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու խնդրին։ Ավելի ճիշտ հերթական զգուշավոր ընդհանուր մեկնաբանություն է տվել կոնկրետ հարցին։ Հայ լրագրողը հարցրել էր Զախարովային, թե Ադրբեջանի իշխանությունները, վերանորոգման քողի ներքո, հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ աղավաղելով եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը, ինչպիսի՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արձագանքն այս փաստին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցը քննարկել է հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում:

Զախարովայի խոսքով՝ հարցը քննարկվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցերի ընթացքում: Մոսկվան հանդես է գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում է այս հարցերի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարությունում նշված է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի ցանկում է, որն Ադրբեջանից և Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում»:

XS
SM
MD
LG