Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Եվրախորհրդարանը քիչ առաջ ձայների 607 կողմ 27 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց մի քանի տասնյակ պատգամավորների հեղինակած բանաձևի օգտին, որով կոչ է անում պաշտոնական Բաքվին առանց նախապայմաններ առաջ քաշելու ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, փակել հայերին նվաստացնող «Ռազմավարների պուրակը» ինչպես նաև մեջբերում է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները՝ ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կատարած հանցագործությունների վերաբերյալ։

«Նման հրատապության գլխավոր նպատակը՝ վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո [Ադրբեջանում պահվող ] հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակման կոշտ պահանջ հնչեցնելն է։ Առաջիկայում ևս Բաքուն պետք է զերծ մնա կամայական ձերբակալություններից և լիարժեքորեն կատարի եռակողմ հայտարարության պահանջները, որոնցով բոլոր ռազմագերիների, պատանդների ինչպես նաև զոհվածների աճյունների փոխանակում է նախատեսվում։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը այդ մարդկանց բնութագրում է որպես հանցագործներ և ահաբեկիչներ, նրանք բոլորն էլ գտնվում են ժնևյան կոնվենցիայի և միջազգային մարդասիրական օրենսդրության պաշտպանության ներքո և պետք է վերադառնան իրենց ընտանիքներ», - հայտարարում էր բանաձևի համահեղինակներից մեկը՝ բուլղարացի պատգամավոր, Եվրոպական Ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կովաչևը։

Պորտուգալացի սոցիալիստ Իզաբել Սանտոսի համոզմամբ ևս՝ Բաքուն պետք է առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։

«44 օր շարունակված պատերազմի ընթացքում շուրջ հինգ հազար զինվորական է զոհվել, բազմաթիվ քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել իրենց օջախները, ոմանք էլ գերության մեջ են հայտնվել։ Նման պայմաններում անթույլատրելի է, որ Ադրբեջանում շարունակում են հայ ռազմագերիների մնալ: Մենք տեղեկություններ ենք ստանում նրանց նկատմամբ կիրառվող կտտանքների, նվաստացումների մասին, ինչը Ժնևի կոնվենցիայի միանշանակն խախտում է», - հայտարարում էր Իզաբել Սանտոսը։

Շվեդ պատգամավոր Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանի ամբիոնն այսօր օգտագործեց իր երկրի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեին քննադատելու համար։ Պատճառն այն հայտարարությունն էր, որով շվեդական դիվանագիտության ղեկավարը կոչ էր արել հակամարտության կողմերին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Կողմերի՞ն։ Քա՞նի ադրբեջանցի ռազմագերի է մնացել, որ պետք է վերադարձնի Հայաստանը։ Այս հակամարտությունում միայն մի կողմ գոյություն ունի, որ ամբողջությամբ ոտնահարում է միջազգային մարդասիրական օրենքները և դա Ադրբեջանն է», - հայտարարում էր շվեդ պատգամավորը։

Գերմանիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելն էլ իր ելույթում ուղղակիորեն դիմեց Ադրբեջանի նախագահին։

«Նախագահ Ալիև, իրական հաղթողները գիտեն, որ «Ռազմավարների պուրակում» թշնամիների ապամարդկայնացումը և սահմաններ խախտելը միայն մեծացնում է բռնության արատավոր շղթան։ Իրական հաղթողները գիտեն, որ երեխաներ շրջանում ատելություն սերմանելը պատերազմի շարունակություն է նշանակում։ Անարդարությունը, որ կատարվել է ժամանակին տեղահանված ադրբեջանցիների նկատմամբ երբեք չի արդարացնի նույնանման անարդարությունը, որ կատարվում է հայերի հանդեպ։ Նախագահ Ալիև, այժմ դուք իրական հաղթող լինելու հնարավորություն ունեք։ Եթե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական է, և այն է՝ ապա դուք պատասխանատու եք դրա բոլոր բնակիչների բարօրության համար», - հայտարարում էր գերմանացի պատգամավորը։

Էստոնիան ներկայացնող Մարինա Կալյուրանդի համոզմամբ էլ առաջնահերթ խնդիր է, որ պաշտոնական Բաքուն ազատ արձակի հայ ռազմագերիներին և ավելի զուսպ պահվածք ցուցաբերի։

«Գրգռիչ հռետորաբանությանն ու ատելության տարածմանը պետք է վերջ տրվի։ Դրա ամենալուրջ օրինակը Բաքվում բացված «Ռազմավարների պուրակն է», որը ապամարդկայնացնում և նվաստացնում է հայերին, փառաբանում է բռնությունը՝ սխալ ուղերձ հղելով ադրբեջանցի երեխաներին։ Այդ պուրակը պետք է վերացվի։ Բացի այդ, խիստ մտահոգիչ են Հայաստանի հարավային սահմաններին տեղի ունեցած միջադեպն ու այժմ էլ շարունակվող ճգնաժամը։ Ես կոչ եմ անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը և սահմանների վերաբերյալ պատշաճ բանակցություններ սկսել Հայաստանի հետ», - հայտարարում էր Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավորը։

Խորհրդարանի որոշ անդամների համոզմամբ՝ պատերազմին նախորդող շրջանում ԵՄ իրեն դուրս էր դրել ղարաբաղյան կարգավորման գործընթացից և առաջիկայում այդ մոտեցումը պետք է փոխվի։

«ԵՄ հակամարտության ընթացքում կրավորական դիտորդի դեր էր ստանձնել և չփորձեց օգտագործել իր ազդեցությունն այն կանխելու նպատակով։ ԵՄ պարտավոր է խաղաղ գործընթաց նախաձեռնել և ակտիվորեն ներգրավվել դրանում՝ օգնելով «Արևելյան գործընկերության» արժեքավոր անդամներ հանդիսացող Հայաստանին և Ադրբեջանին բավարարել իրենց ժողովուրդների կարիքները, որոնց թվում են կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, համագործակցությունն ու հարատև խաղաղություն», - դիմելով Եվրախորհրդարանի անդամներին այսօր հայտարարում էր լիտվացի ազատական Պյատրաս Աուշտրյավիչյուսը։

XS
SM
MD
LG