Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանի կարծիքով` ՌԴ-ն ու Թուրքիան չեն հրաժարվելու Մեղրիի միջանցքի ծրագրից, պետք է ՄԱԿ-ին դիմել


«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չեն հրաժարվելու Մեղրիի միջանցքի ծրագրից: Ըստ նրա` ստեղծված իրավիճակում հարկավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել: «Ազատության» հետ զրույցում Արամ Սարգսյանն անդրադառնում է մայիսի 12-ից ստեղծված իրավիճակին, երբ հայտարարվեց երեք՝ Սև լճի, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով ադրբեջանակյան զինուժի ներխուժման և փաստացի դիրքավորման մասին: Այս հարցով մի քանի օր շարունակ բանակցություններ են ընթանում:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Կարծո՞ւմ եք` այդ բանակցություններում Բաքուն ինչ-որ պահանջ է դնում Երևանի առջև:

Արամ Սարգսյան - Ակնհայտ է դա, որովհետև Երևանն իր մեկ-երկու հայտարարությունների մեջ ասել է, որ Բաքուն պետք է լքի տարածքներն առանց նախապայմանի, իսկ դա նշանակում է, որ իրենք նախապայմաններ դնում են: Խոսքը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, այսինքն` Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան ճնշել են Հայաստանի իշխանություններին 9-րդ կետը (տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը) մտցնելու, որ որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Բարեբախտաբար, Հայաստանի իշխանությունները կարողացել են այդ ճնշումների արդյունքում փաստաթղթում գրել ճանապարհների ապաշրջափակում և չգրել միջանցք, և բնականաբար Ադրբեջանն ուզում է ունենալ նույն կարգի միջանցք, որով երթևեկում են միայն հայերը ռուսների ուղեկցությամբ Լաչինում, այնպես, ինչպիսին Լաչինում է, տեղի ունենա Զանգեզուրում:

«Ազատություն» - Այսինքն` ռուսները հսկեն, իրենք գնան, գան:

Արամ Սարգսյան - Այո, իրենք, ավելին, ուզում են, որ Հայաստանը տա տարածք, այդ տարածքով իրենք նոր ճանապարհ սարքեն, որով միայն իրենք կգնան, ու այդ ճանապարհը կվերահսկեն իրենք, այսինքն` միջանցք ասածը Լաչինն է, և փաստաթղթում հստակ նշված է Լաչինը միջանցք, իսկ Նախիջևանն Ադրբեջանին միացնողը միջանցք չէ, դա ճանապարհների ապաշրջափակում է, որը Հայաստանի տարածքով է անցնում:

Հիմա Ալիևն անընդհատ պնդում է, որ դա պետք լինի Զանգեզուրի միջանցք, և ինքն ասում է, որ այդ միջանցքը եթե հայերը չտան, ինքը կփորձի դա անել ուժով` քայլ առ քայլ, 200 մարդով կգան, հետո կհասնեն նրան, որ կրակոց կլինի որևէ ուղղությամբ, որևէ պրովոկացիա, տեղում անհնազանդություններ, ու այդ 200 մարդու հետևից կգան 2 հազարը կամ 15 հազարը, ու խնդիրը կփորձեն այդպես լուծել: Բայց երբ որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, առաջին հերթին Մակրոնի հայտարարությունը, Ադրբեջանը հասկացավ, որ այստեղ կարող են խնդիրներ առաջանալ, և որոշակի առումով հետքայլ դրեց, նաև իրենց Արտգործնախարարության խոսնակը փորձեց հղկել, ասել, որ «մենք հարգում ենք տարածքային ամբողջականությունը Հայաստանի, եկեք միասին ճշտենք», այսինքն` Ադրբեջանը խոսում է, որ կարող է ուժի դիրքերից, նախագահի մակարդակով ասում է, որ ուժով այդ խնդիրը կլուծի, իսկ Արտգործնախարարությունն ասում է, որ եկեք միասին խնդիրները լուծենք, ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքով, և խնդիրն ուղղակի սահմանների ճշտմանն է վերաբերում, այստեղ աղմուկ բարձրացնել պետք չէ:

«Ազատություն» - Այսինքն` հնարավորինս ճնշե՞լ Հայաստանին, մինչև հասնեն այդ միջանցքին:

Արամ Սարգսյան - Ես համոզված եմ, որ 9-րդ կետով այդ միջանցքի խնդիրը կա, և Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ պայմանավորվածության 9-րդ կետը, ինչը Թուրքիայի հետ ինքը ձեռք է բերել, իրականություն դառնա:

«Ազատություն» - Ռուսաստանն էլ է դա միջանցք տեսնո՞ւմ, ոչ թե ճանապարհի ապաշրջափակում:

Արամ Սարգսյան - Այո, Ռուսաստանն էլ է միջանցք ուզում, որովհետև այդ դեպքում ինքն է ուղեկցելու, և դա իրեն ձեռնտու է, դրա համար է այդ կետը մտել այդտեղ, և ինքն ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա: Ես պատահական չեմ համարում Լավրովի այցից հետո այս իրավիճակը: Ու քանի Թուրքիան չի խոսում, դա նշանակում է, որ Ռուսաստանն սպասարկում է Թուրքիայի շահը:

«Ազատություն» - Պարո՛ն Սարգսյան, բայց մենք Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ենք դիմել, այդ դեպքում ի՞նչ ակնկալել:

Արամ Սարգսյան - Շատ ճիշտ էր, որ իշխանությունները դիմեցին Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, որովհետև գտնվում ենք այդ դաշինքի մեջ, և այդ դաշինքի պարտականությունն է ուղղակի նման իրավիճակներում, երբ որ Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում, տեսակետ ասել, և Հայաստանը դրանով դրդում է նրան դրսևորել իրենց պարտականությունները: Հակառակ դեպքում ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանի հետ ստորագրած ուղիղ պայմանագրերը զրոյական արժեք կունենան, և աշխարհը կհամարի, որ ՀԱՊԿ ասվածը, դաշինքն ուղղակի ձևական դաշինք է, որ նման ռազմական դաշինք չկա:

«Ազատություն» - 5-րդ օրն է` չի ասել, պարո՛ն Սարգսյան: Տեսեք` Ֆրանսիան ինչ բաց տեքստով է ասում, ինշ կոշտ է ասում, Ռուսաստանից չկան նման հայտարարություններ:

Արամ Սարգսյան - Լրիվ համաձայն եմ Ձեզ հետ, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի դիմեինք, իրենց մոտից ոչ միայն պաշտոնական տեսակետներ ասող չկա, այլ տեսեք` Միացյալ Նահանգներում բազմաթիվ սենատորներ տեսակետներ ասացին, պահանջեցին Բայդենից անհապաղ միջոցներ ձեռնարկել և այլն: Իրենց մոտից նույնիսկ այդ մակարդակով, ասենք զատուլիններով և այլով, տեսակետներ չկան, այսինքն` իրենք համարում են, որ դա Ադրբեջանի տարածք է, Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունն է վերականգնում ու սահմաններն է վերականգնում, դրա համար իրենք 5-րդ օրն է` ոչ մի բան չեն ասում: Դրա համար էլ ես ասում եմ` այս քայլերը, որ արել ենք, շատ լավ է, որ արել ենք, բայց արդեն ժամանակն է դիվանագիտական առումով անել հաջորդ քայլը` միանալ Մակրոնի առաջարկին և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Մենք ժամանակ ենք կորցնում, շատ վախենում եմ, որ մենք կորցնում ենք պահը, չեմ հավատում, որ Ռուսաստանն ու Թուրքիան հրաժարվելու են այդ ծրագրից, չեմ հավատում, որ իրենք պաշտպանելու են մեր տարածքային անվտանգությունը, ավելին` մեր ներքին ռուսական ընդդիմությունը ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, հետևաբար մենք ամենաթույլ օղակն ենք, և Ռուսաստանն էլ պարտադրաբար կամ տրամաբանաբար զիջումներն անում է թույլ օղակի հաշվին, հետևաբար այս թույլ օղակից դուրս գալու համար մենք պիտի այս խնդիրը դիվանագիտական առումով ևս մեկ քայլ առաջ տանենք:

Ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG