Մատչելիության հղումներ

Բաքվում բացված «պուրակը» «ֆաշիզմի ակնհայտ դրսևորում է». հայկական կողմը քննադատում է


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, արխիվ

Արցախյան պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմատեխնիկայի «պուրակի» բացումը Բաքվում ի ցույց է դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը ետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։ Այսպես է այսօր արձագանքել Հայաստանի արտգործնախարարությունը Իլհամ Ալիևի կողմից երեկ բացված «պուրակին»։

«Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն», - հայտարարում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է համարում. «Ֆաշիզմի ակնհայտ դրսևորում է, և մենք նաև իրականացրել ենք մոնիրթորինգ, և Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթը, այդ օրվա ելույթը նաև, ցուցատախտակների առաջ ինքը ելույթ է ունեցել, նրա խոսքերը երբ համադրում ես այդ ցուցահանդեսի հետ, ակնհայտ է, որ սա բացահայտ պետական հովանավորչությամբ ակտ է: Հենց այս թշնամանքի` պետական մակարդակով աջակցության ու ատելության քաղաքականության արդյունքներն են դաժանություններն ու խոշտանգումները, որ կատարվեցին պատերազմի ընթացքում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական կեղծ խաղաղասիրական ծրագրերը մենք թույլ չպետք է տանք, որպեսզի մեզ թմրեցնեն»:

Ադրբեջանի նախագահի կողմից երեկ բացված «պուրակում» պատերազմի ընթացքում խոցված կամ Ադրբեջանին անցած հայկական ռազմական տեխնիկայից բացի, ցուցադրված են նաև սպանված հայ զինվորների սաղավարտները, ինչպես նաև հայկական Զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Ադրբեջանական իշխանությունները ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, ասում է օմբուդսմեն Արման Թաթոյանը. «Դա արված է Բաքվի լայն հասանելի վայրում, մեծ «պուրակում», նրանք հայտարարել են, որ դա հասանելի է լինելու էքսկուրսիաների համար, և ակնհայտ է, որ իրենք են տալիս դրան լայն հրապարակայնություն: Սրանից ավելի մեծ ատելություն, որ հնարավոր է պետական քաղաքականության մաս համարել, այս պայմաններում հնարավոր չէ, սա վառ ապացույցներից մեկն է: Ակնհայտ է, որ սա միջազգային հանրության ուշադրութունը պետք է լինի, այս խորքային պատճառները չվերացնելու պայմաններում, այս խորքային պատճառների առկայության պայմաններում նախ սա խաթարում է ընդհանրապես խաղաղությունն ու խաղաղ գոյակցության հնարավորությունը տարածաշրջանում, անընդհատ բորբոքել ատելությունը, ատելության հաշվին էլ ավելի զարգացումներ տանել, ինչ-որ իրադարձություններ և այլն, սա խաթարում է»:

Պատգամավորները դատապարտում են

Այսօր խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին պատգամավորները ևս անդրադարձել են այս թեմային:

«Մենք գործ ունենք մի պետության հետ, որին պետություն չի կարելի անվանել, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, ահաբեկչական պետություն, որը չի հարգում հիշատակը», - նշեց «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը:

«Կարծում եմ` կարելի է դիսկուրսը ավարտված համարել` թշնամի է արդյոք Թուրքիան և Ադրբեջանը, այո թշնամի է, այո, վաղեմի թշնամի են, այո, բարբարոս պետություններ են», - հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Պարտադիր չէ այս ամենն իրացվի, նոր դուք հասկանաք, խոսքս վերաբերում է քաղաքական իշխանության ներկայացուցիչներից շատերին, որ չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական հարաբերություններ կամ այլ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել», - կարծում է ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը:

Անդրադառնալով իշխող «Իմ քայլի» հայտարարություններին` «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն անհասկանալի համարեց Ադրբեջանին ուղղված նրանց հայերեն ելույթները. «Ձեզ թվում է, որ դուք հայերեն լեզվով այստեղ Ալիևին շան տուր եք տալիս, դա ինչ-որ ազդեցություն ունի՞ աշխարհի վրա, աշխարհը նստած հետևում է մեր պառլամենտի նիստը և խնդրել է` սինխրոն թարգմանեն, որ մեր այս ելույթները լսի՞: Բա միջազգային դիվանագիտական աշխատանքն ո՞ւր է, պետք է գործ արվի, պետք է ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը»:

Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, հայտարարում է Արցախի օմբուդսմենը, ընդգծելով. «Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին»:

XS
SM
MD
LG