Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին․ Փաշինյան


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։

Այս մասին ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ հաղորդելով երեկ Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցից․ - «Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով ըստ անհրաժեշտության Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն։ Եվ իհարկե, մենք ուշի-ուշով հետևում ենք այդ իրադարձություններն և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք»։

Փաշինյանը չհստակեցրեց սակայն, արդյո՞ք կընդունեն այդ առաջարկը, թե ոչ։ Հայաստանի արտգործնախարարությունը ևս հանդես չի եկել պատասխան-արձագանքով։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը միայն այսօր «Ազատության» հետ զրույցում ակնարկեց, որ Հայաստանը այս պահին հույսը կապում է ՀԱՊԿ-ի հետ․ - «Մենք սկսել ենք գործընթացը ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կոնտեքստում կառուցակարգերը գործարկելու։ Եվ տեսնենք․ եթե հարցը կարգավորվում ա, կարծում եմ, որևէ խնդիր չի լինելու»։

Երեկ ֆրանսիայի առաջնորդը իր ֆեյսբուքյան էջում հայերենով գրել էր.- «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Էմանյուել Մակրոնը նաև հեռախոսազրույց էր ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունից հայտնում են, որ Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, կարևորել է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհարեժշտությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ֆեյսբուքում տեղադրել էր Փաշինյան - Մակրոն հեռախոսազրույցի մասին Ելիսեյան պալատի հաղորդագրությունը, որում նաև նշված է՝ Ֆրանսիան ցանկանում է, որ տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի՝ կայունություն և անվտանգություն բերելու համար:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանին զորակցություն հայտնող հայտարարությունը առայժմ գոնե բարոյական ազդեցություն կունենա։ Սակայն կարևոր է տեսնել, թե կկարողանա արդյոք պաշտոնական Երևանը ճկուն կեցվածքով հանդես գալ։ Ըստ Բադալյանի, շատ կարևոր է նաև, թե ինչպես կարձագանքի Երևանը Ֆրանսիայի այս առաջարկին։

«Հայաստանը չպետք է անտեսի և անարձագանք թողնի իր համար դրական և ողջունելի որևէ դիրքորոշում և արձագանք։ Մենք տեսնում ենք, որ Մակրոնը շատ կոնկրետ առաջարկ է անում։ Երևանը գոնե առայժմ այդ առաջարկին արձագանք չի տվել։ Եվ սա թերևս պայմանավորված է հենց նրանով, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը։ Հասկանում ենք, որ այստեղ Հայաստանը գործելու է Ռուսաստանի հետ համաձայնեցված՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Բադալյանը ցավով է նշում՝ պետք է ընդունել, որ Ֆրանsիան մեծ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացների վրա և այստեղ կարևոր է այլ երկների հետ համագործակցությունը․ - «Էս տեսանկյունից, իհարկե Ֆրանսիայի դիրքորոշման արդյունավետությունը քաղաքական պրակտիկ իմաստով կարող է բարձրանալ կա՛մ Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցված աշխատանքի, կա՛մ Ռուսաստանի հետ աշխատանքի շնորհիվ։ Մենք տեսանք Միացյալ Նահանգների արձագանքը, որ իրենք հետևում են իրադարձություններին, և, կարծես թե, գոնե առայժմ Նահանգները մտադիր չէ այս հարցում աշխույժ քայլեր ձեռնարկել։ Այս տեսանկյունից, օրինակ, ՀԱՊԿ-ի հանգամանքը, դա ֆորմալ գործիքակազմն է, որի հեռանկարը, սակայն, քաղաքական իմաստով այնքան էլ հուսադրող չէ, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ պահվածքն ընդհանրապես այս տարիների ընթացքում և վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ»։

Պաշտոնական Վաշինգտոնը զսպվածության կոչ էր արել և՛ Երևանին, և՛ Բաքվին։ Թվիթերի իր էջում այս մասին կարճ գրառում էր արել Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որտեղ ռազմական դաշնակից է Հայաստանը նաև Ռուսաստանի հետ, կազմակերպությունը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն։

Հայաստանի համար, ըստ վերլուծաբանի, շատ կարևոր է այլընտրանքը ռուս-թուրքական ձևաչափին։ «Դա Մինսկի խմբի համանախագահությունն է, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Այստեղ մի բան շատ կարևոր է՝ պետք է պատրանք չունենալ, թե էս ձևաչափերում հարցերը լուծվելու են Հայաստանի օգտին, բայց, կրկնեմ, ռուս-թուրքական ձևաչափից պրոցեսները դուրս բերելը և այլընտրանքային մեխանիզմներ ձևավորելը, Հայաստանի համար շատ կարևոր է քաղաքական ճկունության դաշտն ընդլայնելու համար», - ասաց Հակոբ Բադալյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG