Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ տարածքի անձեռնմխելիության ապահովման հետագա քայլերը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, հաղորդում են կառավարությունից:

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդել է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել, Գորիսի փոխքաղաքապետն այսօր «Ազատությանը» հայտնել էր, որ դրանք վերսկսվել էին այսօր` ժամը 14-ից:

XS
SM
MD
LG