Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» պատգամավորի պնդմամբ՝ Բաքվի նպատակը զորավարժություններով իրավիճակը լարելն է


Իշխանական «Իմ քայլում» կարծում են, որ այս տարվա ընթացքում արդեն 5-րդ զորավարժությունը անցկացնող Ադրբեջանը մի կողմից ստուգում է հայկական կողմի դիմադրողականությունը, մյուս կողմից միջազգային հանրության արձագանքը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Բաքվի նպատակը իրավիճակն էլ ավելի լարելն է։

«Իրենք հետպատերազմյան շրջանում ոչ միայն չեն գնում խաղաղության կամ կայունության հաստատման, այլև ընդհակառակը՝ փորձում են ամեն ձևով լարել իրավիճակը և նաև ուժի ցուցադրության ձև են ընտրել, դա զորավարժությունների անցկացումն է: Դա համընկավ նաև Սյունիքում լարվածության աճի հետ, որի շուրջ այժմ բանակցություններ են գնում և վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ ընդգծված փոխկապակցվածություն է տեսնում այս գործողությունների մեջ», - ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանում երեկվանից զորավարժություններ են սկսվել, որոնց մասնակցում են տարբեր նշանակության զորքերի ստորաբաժանումներ ու միավորումներ։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ, մինչև 300 տանկեր, զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 400 հրթիռային ու հրետանային մարտկոցներ, համազարկային կրակի ռեակիվ համակարգեր, 50 միավոր ռազմական ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ ցանկացած հարց պատրաստ է լուծել ռազմական ճանապարհով. ռազմական փորձագետ

«Առաջին հերթին Ադրբեջանը փորձում է հասկացնել, որ ցանկացած հարց ինքը կարող է լուծել ռազմական ճանապարհով, եթե Հայաստանի Հանրապետությունը չգնա որևէ դիվանագիտական ճանապարհով լուծման», - ասաց Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ֆիզիկական ուժ ցուցադրելուց բացի, Բաքուն փորձում է նաև հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ առավել ևս, երբ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին լարված վիճակ է։

«Ուզում է հասկացնել, որ նմանատիպ լայնածավալ պատերազմից հետո ինքը ի զորու է իրականացնել նմանատիպ լայնածավալ զորավարժություններ և նույնիսկ Ադրբեջանը այն հատվածներում է իրականացնում այդ զորավարժությունները, որոնք շատ ավելի մոտ են Հայաստանի Հանրապետության սահմաններին, և, ըստ էության, այդ զորավարժությունները նաև անցկացնում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Այս ֆոնի վրա և ընդհանրապես վերջին իրադարձությունների հետ կապված նաև՝ Գեղարքունիքի և Սյունիքի հետ կապված, այս սահմանային ներխուժման հետ կապված, մեծ ճնշում է Հայաստանի Հանրապետության վրա հոգեբանական, իշխանության վրա, որպեսզի իրենք կարողանան իրենց ուզածին հասնել», - նշեց Կարո Հովհաննիսյանը:

5 ամիսների ընթացքում՝ հինգերորդ զորավարժություն։ Նախորդ երկուսը ապրիլի սկզբին էր՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Մարտի կեսերին Ադրբեջանն իրականացրեց պլանային զորավարժություն։ Փետրվարին էլ Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ նոր՝ հիմնականում հարձակողական զինատեսակներ ցուցադրվեցին։

«Հայաստանը ևս վարժանքներ է իրականացնում»,- իշխանական պատգամավոր Հայրապետյանն է հիշեցնում 44-օրյա պատերազմից հետո մարտին առաջին անգամ շուրջ 7,5 հազար զինծառայողների, 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային, ավելի քան 150 հակատանկային և պաշտպանական այլ միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած լայնածավալ զորավարժությունները։

Հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակը, ռազմական փորձագետի պնդմամբ, էլ ավելի է հրատապ դարձնում այն, որ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն ամեն այսպիսի զորավարժությանը, ընդ որում՝ միջազգային ասպարեզում, քանի որ չնայած միջազգային հորդորներին՝ Ադրբեջանը անում է ամեն ինչ՝ տարածաշրջանը ռազմականացման ճանապարհով տանելու համար. մասնագետը Սյունիքն է օրինակ բերում, երբ Հայաստանի սահմանի նկատմամբ ոտնձգություն տեղի ունեցավ։

«Դրա համար Հայաստանի Հանրապետությունը կարճ-կոնկրետ պետք է դիմի ռազմական օպերացիաների, ես չեմ ասում լայնածավալ ռազմական գործողությունների, այլ կոնկրետ այդ վայրերում իրականացնի ռազմական օպերացիաներ և բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, բոլորին ձերբակալի, ես չեմ ասում՝ գերեվարել, որովհետև այդ զինված մարդիկ անօրինական գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և ենթակա են ձերբակալման», - նշեց Հովհաննիսյանը:

«Կոնկրետ Սյունիքի դեպքում, մենք կարծում ենք, որ դիվանագիտական ճանապարհով պետք է փորձել հանգուցալուծել հարցը, իհարկե, գործիքակազմ որպես կարող է ինչ-որ իրավիճակում օգտագործել նաև ուժը: Հայկական կողմը նշել է, որ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է իր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար, բայց այս պահի դրությամբ քանի դեռ չունենք կրակոցներ, փոխհրաձգություն, զոհեր, վիրավորներ, բարեբախտաբար, ես կարծում եմ, պետք է փորձել մաքսիմալ դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը, որովհետև դա բխում է հենց մեր շահերից», - նշեց ադրբեջանագետ Հայրապետյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG