Մատչելիության հղումներ

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ


Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները, արխիվ

Մինչ հայկական համացանցում ակտիվ քննարկում են երկու օրից Ադրբեջանում կայանալիք զինավարժությունները և դրանցում տեսնում սպառնալիք, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե խոսել է Բաքվի և Երևանի հետ, և ամեն ինչ հանգիստ է: Կրեմլը հայտնել է, որ մարտի 11-ին և 12-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել են եռակողմ համաձայնագրի իրագործման գործնական ասպեկտները, և արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանգիստ: Նաև նշված է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել ռուսական խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի երկայնքում: Բացի այդ, Կրեմլը հայտնում է, որ Բաքվի և Երևանի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Արձանագրում ենք կոնստրուկտիվ մոտեցում երկու կողմից. Զախարովան մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին այսօր ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը խնդրել էր մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», և որ «պատմական ադրբեջանական տարածքում պետք է ստեղծեն միջանցք դեպի Նախիջևան»:

«Չե՞ք կարծում այսօր, որ Ալիևի հայտարարությունը միջազգային նորմերի կոպիտ խախտում է և ոտնձգություն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, և արդյոք միջանցքի մասին հայտարարությունը չի՞ հակասում եռակողմ համաձայնագրին», - հարցրել է հայ լրագրողը: Ի պատասխան Մարիա Զախարովան ասել է. «Կախված այն թեմային, որ Դուք բարձրաձայնեցիք, մենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արձանագրում ենք ընդհանուր առմամբ կոնստրուկտիվ մոտեցում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից»:

Նա հավելել է, թե Մոսկվան ակնկալում է, որ նման դրական մոտեցում և փոխընդունելի մոտեցումները գտնելուն ուղղված հայտարարություն մեծամասամբ կնչեն նաև պաշտոնական մեկնաբանություններում և մամուլում:

Սա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հերթական անհասցե հայտարարությունն է: Մոսկվան ընդհանրապես պատերազմն ավարտվելուն պես փորձում է շրջանցել բոլոր սուր անկյունները, անպատասխան թողնել բոլոր նման հարցերը և ուշադրություն չդարձնել եռակողմ պայմանագրի տեքստը պաշտոնական Բաքվի և Երևանի տարընթերցումներին: Նախկինում Մոսկվան ընդգծում էր` համաձայնագրում չկա Նախիջևանի միջանցքի մասին որևէ բառ, այսօր նույնիսկ սա չի անում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկող զինավարժություններին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ դրանք տարածաշրջանային կայունության համար վտանգ չեն ներկայացնում. «Դրանք պլանային զինավարժություններ են և որևէ վտանգ տարածաշրջանի կայունության համար չեն ներկայացնում»:

Բաքուն հատուկ նամակ է հղել ՄԱԿ-ին

Ի դեպ, պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ին հղած հատուկ նամակում պնդում է, որ հայկական կողմը Ադրբեջանի սահմաններին փորձում է հայկական զորքեր տեղակայել։

«Հայաստանը, կոպիտ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը, «Լաչինի միջանցքով» գաղտնի կերպով Ադրբեջանի տարածք է ուղարկել հայկական զինված ուժերի կազմը՝ քաղաքացիական համազգեստով և քաղաքացիական տրանսպորտային միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրականացվող ստուգման գործընթացից»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նամակում` հասցեագրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին և Անվտանգության խորհրդին։

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ նման քայլերը տանում են իրավիճակի ապակայունացման:

Մոսկվան փորձում է չբարձրաձայնել տարաձայնությունները

Հավելենք` այսօր Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից մեծամասամբ խոսում են պաշտոնական Բաքուն և Անկարան: Մոսկվան փորձում է չբարձրաձայնել տարաձայնություններն ու խնդիրները` պարբերաբար շեշտելով, թե այս փուլում կարևորն այն է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը տարածաշրջանում:

Ավելի վաղ, հիշեցնենք, Զախարովան հայտարարել էր, թե առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան, սակայն այցը դեռ չի կայացել, և որևէ հայտարարություն այս կապակցությամբ Մինսկի խումբը չի արել, իսկ «Ազատությանը» տված հարցազրույցում Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը նշել էր, թե Մինսկի խմբի համանախագահների առաջնային խնդիրներից է այսօր ոչ միայն կողմերին մեկ սեղանի շուրջ նստեցնելը, այլև Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունը: Մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի, և հրաժարվում է բանակցել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Պաշտոնական Մոսկվան էլ հայտարարում է, որ կարգավիճակի շուրջ պետք է բանակցել, սակայն հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG