Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հետագա համագործակցությանը, ասում է Տոյվո Կլաարը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, Բաքու, 10-ը մարտի, 2021թ․

Եվրամիությունն ընդլայնված կապեր ունի Ադրբեջանի և այդ երկրի կառավարության հետ, պատրաստ է հետագա համագործակցությանը՝ լուծելու «առանձնահատուկ» հարցերն ու խնդիրները, որոնք ծագել են վերջին շրջանում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում։

Լրատվամիջոցի հարցին՝ Եվրամիությունը մտադի՞ր է աջակցել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում տնտեսական նախագծերին», դիվանագետը պատասխանել է․ - «Այդ հարցերը գտնվում են քննարկման փուլում, որոշ հարցերով մենք սպասում ենք Ադրբեջանի իշխանությունների պատասխանին»։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Եվրամիությունը մասնակցի տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթգծի շինարարությանը, ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարն արձագանքել է, որ Իլհամ Ալիևի հետ նաև այդ հարցն է քննարկել։

«Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք մասնակցել կամ օգտակար լինել նման գործընթացներում։ Մասնավորապես, դրանք կարող են լինել ջրամատակարարման անդրսահմանային նախագծեր Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է եվրոպացի դիվանագետը, ով Բաքու է այցելել՝ Ալիևի վարչակազմի հետ քննարկելու Ղարաբաղյան պատերազմի հետևանքները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։

XS
SM
MD
LG