Մատչելիության հղումներ

Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է, ընդգծում է Պեսկովը


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է, և չնայած, օրինակ, Ղրիմի հարցում տարաձայնություններին՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են սերտ համագործակցությունը տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանում զինադադարի պայմանների պահպանման և պարտավորությունների կատարման մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում, շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայի շուրջ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դե իսկ Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշումը Պեսկովը դասել է տարաձայնությունների շարքին, որոնք, սակայն, չեն խանգարում ռուս-թուրքական ռազմավարական հարաբերություններին։

«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը», - ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ շարունակելով․ - «Վստահ ենք՝ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ մեր դիրքրորոշումը ճիշտ է»։

«Չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին միշտ հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ գտնելու՝ մեր գործընկերների քաղաքական կամքը», - հավաստիացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև շեշտել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների հիմքում առևտրատնտեսական մեծ նախագծերն են, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե Անկարան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ։

Պուտինն ու Էրդողանը մասնակցել են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռուստակամրջի միջոցով մասնակցել են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը։

«Սա ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշն է», - հայտարարել է Էրդողանը: Ատոմակայանի չորրորդ բլոկի շինարարության մեկնարկը կտրվի եկող տարի:

«Ակկույու»-ն ատոմակայան է, որը «Ռոսատոմ» -ը կառուցում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ատոմակայանը պետք է ունենա չորս էներգաբլոկ։ Մոսկվան և Անկարան ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել էին դեռևս 2010 թվականին։ Պուտինը երեք տարի առաջ հույս էր հայտնել, որ ատոմակայանի առաջին բլոկի շինարարությունը կավարտվի 2023 թվականին, երբ Թուրքիան նշելու է հանրապետության 100-ամյա հոբելյանը։

«Ակկույու» -ն պետք է դառնա Թուրքիայի առաջին ատոմակայանը և ապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10 տոկոսը։ Նախագծի արժեքը, «Ռոսատոմ» -ի գնահատականներով, կկազմի մոտ 22 միլիարդ դոլար։ Սա ամբողջությամբ ռուսական նախագիծ է և ամբողջությամբ կառուցվում է ռուսական ֆինանսավորմամբ, այլ միջոցներ նախագծի կոորդինատորներին չի հաջողվել ներգրավել:

Երեկ երեկոյան պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ բավարարված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով դատավճիռ կայացնելու փաստով։

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Գոհունակություն է առաջացնում, որ Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը վերջապես որոշում են կայացրել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Կարլովի սպանության գործով»։

Հայտարարությունում, այդուամենայնիվ, նշված է նաև, որ այդ սպանությունը ծանր հետք է թողել ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ։

Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը երեկ դեսպան Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։

Կարլովը սպանվել է Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթի պահին։ Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին։

XS
SM
MD
LG