Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը


Քաթար- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Դոհա, 10-ը մարտի, 2021թ.

Երեկ Դոհայի օդանավակայանում ուշ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:

Այսօր նրանք Քաթարի արտգործնախարարի հետ եռակողմ բանակցությունների են մասնակցում Սիրիայի հարցով:

Քաթարում կայացած ռուս-թուրքական երեկվա բանակցություններին Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են նաև Ղարաբաղի թեման:

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ այսօր ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան», - Թվիթերում երեկ ավելի ուշ գրել էր Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը Դոհա էր ժամանել Ղրղըզստանի մայրաքաղաքից, իսկ Սերգեյ Լավրովը՝ Սաուդյան Արաբիայի: Նրանց բանակցություններն անցել են փակ դռների ետևում: Լրագրողներին միայն հաջողվել է լսել, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳ նախարարը Չավուշօղլուին կատակով հարցնում՝ արդյոք նա իր համար հուշանվեր բերե՞լ է Բիշքեկից, թե ոչ, և դիտե՞լ է՝ ինչպես են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցել «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը: Սա, ի դեպ, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռավար հանդիպումն էր ղարաբաղյան պատերազմից հետո, բայց նրանք պայմանավորվել են նաև ոչ հեռավար հանդիպման մասին, թե կոնկրետ երբ կկայանա այդ հանդիպումը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մանրամասնել:

«Ակկույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է, այն ռուսական կողմը կառուցում է Թուրքիայի համար Միջերկրական ծովի ափին՝ ամբողջովին ռուսական ֆինանսավորմամբ: 2022 թվականին կմեկնարկեն չորրորդ՝ վերջին էներգաբլոկի կառուցման աշխատանքները, իսկ երկու տարուց՝ 2023-ին կավարտվեն առաջին էներգաբլոկի աշխատանքները:

Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ատոմակայանի առաջին էներգաբլոկը կսկսի գործել Անկարայի համար նշանավոր տարում, երբ նշվելու է Հանրապետության 100-ամյա հոբելյանը:

Հակառակ ռուս և թուրք փորձագետների կանխատեսումների, ղարաբաղյան պատերազմը ռուս-թուրքական հարաբերությունները չի վնասել, գոնե հրապարակավ: Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ հարաբերությունները ռազմավարական և բարեկամական են, թեև կան որոշ տարաձայնություններ: Ընդ որում՝ տարաձայնությունների շարքում Մոսկվան չի նշում Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հակառակը՝ ընդգծել էր, թե չնայած Ղրիմի հարցում տարաձայնությունների առկայությանը, Մոսկվան և Անկարան ունեն ռազմավարական փոխգործակցություն և որպես օրինակ նշել էր փոխգործակցությունը Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում:

Ռուսաստանի համար թերևս ամենակարևոր՝ Ղրիմի հարցում Մոսկվայի և Անկարայի մոտեցումները խիստ տարբեր են. Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, ավելին՝ թուրք գործիչները չեն մոռանում նաև հայտարարել, որ Ղրիմը պատմական Թուրքիայի տարածքն է:

Մոսկվայի ու Անկարայի շահերը պարբերաբար բախվում են նաև Սիրիայում, որտեղ երկու երկրներն էլ ունեն զինված ուժեր և պաշտպանում են հակամարտող երկու տարբեր կողմերի: Այնուամենայնիվ, Կրեմլի խոսնակը երեկ հայտարարել էր. «Չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին միշտ հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ գտնելու՝ մեր գործընկերների քաղաքական կամքը»:

XS
SM
MD
LG