Մատչելիության հղումներ

Ադրբեջանը համագործակցում է Թուրքիայի հետ` Լեռնային Ղարաբաղը բարձր տեխնոլոգիական կենտրոն դարձնելու


Ադրբեջանի Նորարարության գործակալությունը հուշագիր է ստորագրել Թուրքիայի «Իստանբուլ» տեխնոպարկի հետ, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղը դարձնել բարձրագույն տեխնոլոգիական կենտրոն։

Գործարքով պլանավորվում է տեխնոլոգիական հաբերի ստեղծում, որոնք նպատակ ունեն իրականացնել տեխնոլոգիաների ինկուբացիոն, աքսելերացին և փոխադրման ծրագրեր, տարածաշրջանում զարգացնել տեխնոլոգիական գիտելիքները, կրթել երիտասարդ մասնագետների։

Փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «Իստանբուլ» տեխնոպարկի տարածած հաղորդագրության մեջ մեջբերվում է կենտրոնի ղեկավար Բիլալ Թոփչուի մեկնաբանությունը, որով նա բավականություն է հայտնում, որ կենտրոնը հնարավորություն է ունենալու աջակցել Ադրբեջանի Նորարարության գործակալությանը «Ղարաբաղի նոր պատմության ստեղծման գործում»։

«Իստանբուլ» տեխնոպարկը Թուրքիայի տեխնոլոգիական զարգացման պետական կենտրոն է՝ ստեղծված է երկրի տեխնոլոգիական զարգացմանն աջակցելու նպատակով, նաև նշանակալի ներդրում ունի թուրքական ռազմական արդյունաբերության արդիականացման գործում։

Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գործող Նորարարության գործակալության հետ երեքշաբթի ստորագրված հուշագրով որպես գործարքի մաս թուրքական կենտրոնը նաև խորհրդատվություն է տրամադրելու Ադրբեջանին։ Հաջորդ հանդիպմանը, որի ամսաթիվը չի հստակեցվում, նախատեսվում է հետագա համագործակցության քայլերի վերաբերյալ մանրամասների քննարկում։

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ թուրքական մեկ այլ տեխնոպարկ՝ GOSB-ն ևս ադրբեջանցի գործընկերների հետ տեխնոլոգիական հարթակ է ստեղծելու տարածաշրջանում, որը զբաղվելու է բարձրագույն տեխնոլոգիական միջոցների հետազոտությամբ և արտադրությամբ։

44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «գերժամանակակից ենթակառուցվածք ստեղծել»։ Սա նաև ներառում է «խելացի քաղաքների» և «խելացի գյուղերի» կառուցումը։ Այս տարվա հունվարին Ալիևը հայտարարել էր, որ տեխնոլոգիաները հանգուցային տարր են լինելու այդ տարածքների վերակառուցման համար։

Շինարարական աշխատանքներում Թուրքիայից բացի, մի շարք պետություններ են Ադրբեջանին առաջարկել օգտագործել իրենց ներուժը՝ վերակառուցելու ադրբեջանական վերահսկողության տակ վերջերս անցած տարածքները։

Չորեքշաբթի աշխատանքային այցով Բաքու ժամանած Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն հերթական անգամ հայտարարել է, որ իրենք աջակցում են հունգարական կազմակերպությունների մասնակցությունը Ղարաբաղի վերակառուցմանը։

«Մեր այցի հիմնական նպատակը հունգարական ընկերությունների համար Լեռնային Ղարաբաղում վերակառուցման աշխատանքների մասնակցության համար պայմանների ստեղծումն է», - ընդգծել է Հունգարիայի արտգործնախարարը։

Այս տարվա հունվարին Սիարտոն հայտարարել էր, որ Հունգարիայի Արտահանման և ներկրման բանկը 100 միլիոն ամերիկյան դոլարի վարկային ծրագիր է նախատեսել հունգարական այն ընկերությունների համար, որոնք կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում հետպատերազմական շինարարական աշխատանքներին։

Ադրբեջանը նախատեսում է 2021 թվականին 1,3 միլիարդ ամերիկյան դոլար տրամադրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում շինարարության նպատակով։ Գումարը տրամադրվելու է այս տարվա հունվարին ստեղծված «Ղարաբաղի վերածնունդ» հիմադրամից։ Սա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում ստեղծված երեք պետական ֆոնդերից մեկն է։ Մյուս երկու հիմնադրամները նախատեսված են ռազմական գործողությունների արդյունքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հիմնադրամների աշխատանքը, սակայն, ոչ բոլոր ադրբեջանցիներն են միանշանակ ընդունել: Տարածաշրջանային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բազմաթիվ բողոքներ կան այն մասին, որ որոշ կազմակերպություններ աշխատակիցների կամքին հակառակ ստիպել են նրանց աշխատավարձից հատկացումներ անել այդ ֆոնդերին։ Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր նաև դեպքի մասին, երբ գործատուն հեռացրել է երկու աշխատակցի, որոնք բողոքել էին այս հիմնադրամներից մեկին իրենց աշխատավարձի 50 տոկոսը փոխանցելու պարտադրանքի առնչությամբ։ Հակասական նման վերաբերմունքի պատճառներից մեկը նաև այդ ֆոնդերի թափանցիկության վերաբերյալ որոշ ադրբեջանցիների ունեցած անվստահությունն է։

XS
SM
MD
LG