Մատչելիության հղումներ

Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին Մերկելի ևս մեկ կուսակից հրաժարվեց մանդատից


Գերմանիայի Բունդեսթագի նիստ, արխիվ

Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին Գերմանիայի իշխող կուսակցության ևս մեկ պատգամավոր հրաժարվեց մանդատից։ Իշխող կոալիցիային մաս կազմող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր Մարկ Հաուփթմանը մեղադրվում է սեփական թերթում Ադրբեջանը գովազդելու համար՝ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից մինչև շոփինգ փառատոն, ինչի դիմաց, Spiegel թերթի տեղեկություններով, պատգամավորը հազարավոր դոլարներ է ստացել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից։

Քաղաքական գործիչը կտրականապես հերքում է մեղադրանքը, բայց նաև հրաժարվել է ներկայացնել գովազդից ստացված եկամտի մասին փաստաթղթերը, միայն ասել է, որ այդ գովազդները որևէ կերպ չեն ազդել իր քաղաքական որոշումների վրա: Die Welt-ի հետ զրույցում պատգամավորը հավաստիացրել է, թե Ադրբեջանից երբեք գումար չի ստացել, թանկարժեք նվերներ չի ընդունել, իսկ Ադրբեջան կատարած իր բոլոր ճամփորդությունների համար վճարել է Բունդեսթագը, որի հետ էլ նախապես համաձայնեցրել է այցերը։

Ինչ վերաբերում է առանձնահատուկ ակտիվությանը՝ կապված Ադրբեջանի հետ, Հաուփթմանի խոսքով՝ առանցքում իր քաղաքական գործունեությունն էր, այդ թվում՝ արտաքին առևտրի հարցերը։ Թե ինչ հաջողություններ է բերել իր երկրին պաշտոնական Բաքվի հետ այդ ակտիվ համագործակցության արդյունքում, պատգամավորը չի պարզաբանել, փոխարենը Spiegel-ն է հստակեցնում՝ «36-ամյա քաղաքական գործիչը շարունակաբար աջակցել է ավտորիտար, նավթով հարուստ այդ երկրին»:

Հաուփթմանը կանցլեր Անգելա Մերկելի միակ կուսակիցը չէ, որը մեղադրվում է Ալիևի վարչակազմի հետ կոռուպցիոն կապերի համար։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր գերմանական օրենսդիր մարմինը Աքսել Ֆիշերին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հնարավորություն տալով երկրի իրավապահներին պարզելու «ադրբեջանական լոբբիի» հետ նրա կապերը։ Կան կասկածներ, որ Ֆիշերը մաս է կազմել արևմտյան քաղաքական գործիչներից կազմված խմբին, որը ԵԽԽՎ-ում հետևողականորեն գործել է հօգուտ Ալիևի վարչակազմի, թույլ չի տվել, որպեսզի մարդու իրավունքների, ժողովրդավարության, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանության հարցերի քննարկման այդ կարևոր հարթակում Ադրբեջանի իշխանությունը հռչակվի բռնապետական ռեժիմ։ Գերմանացի իրավապահները կասկածներ ունեն, որ իշխող կուսակցության ներկայացուցիչն իր ծառայությունների դիմաց՝ Ալիևի վարչակազմին քննադատող բանաձևերն արգելափակելու, Բաքվին ձեռնտու որոշումներ ընդունելու համար, 2008-2016 թվականներին Ադրբեջանից գումարներ է ստացել։ Թե ինչ պարբերականությամբ և որքան գումար, չի հաղորդվում։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ֆիշերն ադրբեջանական նավթադոլարները ստացել է Բալթյան երկրների բանկերում գրանցված բրիտանական կեղծ հաշիվների միջոցով։

Ի դեպ, նույն այդ գործով են անցնում նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտերը և Մերկելի մեկ այլ կուսակից՝ անցած տարի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Կարին Շտրենցը։ Եվրոպայի խորհրդի փորձագետներն էին անկախ հետաքննություն անցկացրել և մի շարք փաստեր բացահայտել Ալիևի վարչակազմի հետ գերմանացի նախկին պատգամավորի սերտ կապերի ու Բաքվից ստացած թանկարժեք նվերների մասին: Շտրենցը միակ գերմանացի պատգամավորն էր Եվրոպայի խորհրդում, ով 2015-ին դեմ էր քվեարկել բանաձևին, որը պահանջում էր Բաքվից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այդ տարիներին, ըստ հետաքննող լրագրողների ու Եվրախորհրդարանի փորձագետների, նա ավելի քան 20 հազար եվրո է ստացել մի կազմակերպությունից, որը քարոզչություն է իրականացրել Ադրբեջանի օգտին, ինչպես նաև ամուսնու անունով գրանցել է մեկ այլ խորհրդատվական ընկերություն, որն ըստ հաղորդումների, ծառայություններ է մատուցել Բաքվին ու ֆինանսավորում ստացել Ադրբեջանից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG