Մատչելիության հղումներ

Նավալնիի թիմակիցները քննարկումներ են անցկացնում արտերկրում, Մոսկվան հայտարարում է իր վրա «ագրեսիվ հարձակման» մասին


Ռուսաստանցի ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնի և Լեոնիդ Վոլկով, արխիվ

Ալեքսեյ Նավալնիի շտաբների տարածաշրջանային ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկովը, որոնք գտնվում են արտասահմանում, փետրվարի 7-ին տեսաժողով են անցկացրել Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնել են Reuters գործակալությունը և մի շարք եվրոպական լրատվամիջոցներ:

Քաղաքական գործիչների անունները, որոնց հետ բանակցում էին Նավալնիի թիմակիցները, չեն բացահայտվում, հաղորդվում է միայն, որ խոսքը Եվրամիության անդամ երկրների դեսպանների և այլ պաշտոնյաների մասին է։ Առցանց հանդիպումը կազմակերպել էր Եվրոպական միությանը կից Լեհաստանի մշտական ներկայացուցիչը։
Երկու ժամ տևած խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է արևմտյան երկրների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնիի, նրա թիմի անդամների և այլ ընդդիմադիրների ձերբակալությունների համար ռուսական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նավալնիի համախոհների բանակցությունները օտարերկրյա քաղաքական գործիչների հետ, հայտարարել է, որ «այսպես կոչված արևմտյան գործընկերները շարունակում են բացարձակ անօրինական և ագրեսիվ հարձակումը» Ռուսաստանի վրա: Նրա պնդմամբ՝ ավելի վաղ Վլադիմիր Աշուրկովը բրիտանական հատուկ ծառայությունների հետ քննարկել էր «մի շարք նախագծերի ֆինանսավորման հարցը, որոնցից մեկն ուղղված էր ռուսական բանկային համակարգի վարկաբեկմանը»:

Նավալնիի թիմակիցները, մինչդեռ, հայտարարում են՝ չեն առաջարկել, որպեսզի Արևմուտքը պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, խոսքը կոնկրետ մարդկանց մասին է։

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել և Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում հայտնվել է հունվարին՝ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում, հիշեցնենք, ռուսաստանցի ընդդիմադիրը բուժվում և վերականգնվում էր «Նովիչոկ» մարտական քիմիական նյութով թունավորումից հետո: Նավալնին իր սպանության փորձի մեջ մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին: Կրեմլում մեղադրանքները հերքում են և ընդհանրապես կասկածի տակ են դնում թունավորման փաստը։

Ավելի ուշ ռուսական դատարանը Նավալնիին դատապարտել է երեքուկես տարվա ազատազրկման 2014 թվականի քրեական գործով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել:

Նավալնիի ձերբակալությունը բողոքի ակցիաներ է առաջացրել Ռուսաստանում և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների ալիք: Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են Նավալնիի թիմի գրեթե բոլոր առանցքային անդամներին, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել: Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մոտ 10 հազար մարդ։

Եվրախորհրդարանը Եվրամիության երկրներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Պուտինի մերձավոր շրջապատի նկատմամբ՝ Նավալնիի հետապնդման և նրա դեմ «Նովիչոկ» մարտական քիմիական թույնի օգտագործման պատճառով:

Իր հերթին, Կոռուպցիայի դեմ հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկովը ԱՄՆ իշխանություններին է փոխանցել ռուսաստանցի օլիգարխների և պաշտոնյաների՝ Նավալնիի հետ համաձայնեցված ցուցակը, որոնց դեմ, ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի, պետք է անհատական պատժամիջոցներ սահմանել: Ցուցակում 35 մարդ կա, այդ թվում՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովը և Ռոման Աբրամովիչը։

Ռուսաստանում բողոքի ակցիաներից հետո Կրեմլ - Նավալնի պայքարը տեղափոխվել է տեղեկատվական դաշտ։ Կրեմլի հիմնական գործիքը դաշնային հեռուստաընկերություններն են, Նավալնիի թիմակիցների գործիքը՝ համացանցը և սոցիալական ցանցերը։

Կիրակի օրը ռուսական դաշնային հեռուստաընկերությունը մի ֆիլմ ցուցադրեց այն մասին, թե Գերմանիայում «Շարիտե» հիվանդանոցում բուժումն անցկացնելուց հետո Նավալնին բնակվել է շքեղ բնակարանում, որտեղ հյուրասենյակում երկու բազմոց կար, իսկ խոհանոցում՝ նույնիսկ սուրճ պատրաստելու ապարատ, և որ այս շքեղության համար Նավալնին վճարել է 30 հազար եվրո։ Նավալնիի թիմակիցներն այս տեղեկությունը հերքեցին՝ ասելով, թե բնակարանի վարձակալությունն արժեր կրկնակի պակաս, և որ այդ գումարը Նավալնիի փոխարեն վճարել է նրա մտերիմ ընկեր, Լոնդոնում բնակվող գործարար Եվգենի Չիչվարկինը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Նավալնիին «Պալատ Պուտինի համար» ֆիլմը նկարահանելու գործում օգնել են գերմանական հատուկ ծառայությունները։ Նա մասնավորապես նշել է, որ ֆիլմում նկարահանված են սովետական հետախուզության նախկին նստավայրը և արխիվային փաստաթղթեր Պուտինի անձնական գործից, ինչը հնարավոր չէր առանց Գերմանիայի իշխանությունների թույլտվության։ «Մուտք գործել ինչ-որ արխիվներ անհնար է առանց թույլտվության։ Հավանաբար նման թույլտվություն նրան տվել են Գերմանիայի հատուկ ծառայությունները։ Միայն սա բավական է՝ հասկանալու համար, թե ինչ դեր է խաղացել Արևմուտքը այս պատմությունում», - երեկ երեկոյան հայտարարել է Լավրովը։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ Նավալնիի գործունեության հետևում արևմտյան երկրների կառավարություններն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG