Մատչելիության հղումներ

Ռուսաստանում շուրջ 50 քրեական գործ է հարուցվել բողոքի ակցիաների կապակցությամբ


Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, Մոսկվա, 2-ը փետրվարի, 2021թ․
Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, Մոսկվա, 2-ը փետրվարի, 2021թ․

Ռուսաստանում հինգ տասնյակ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին սատարելու ակցիաների կապակցությամբ, հայտարարել է «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը:

Ամենատարածվածը պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածն է, գործեր են հարուցվել նաև հանրահավաքներ անցկացնելու կանոնները բազմիցս խախտելու, ինչպես նաև վանդալիզմի, խուլիգանության, զանգվածային անկարգություններ և ծայրահեղական գործողություններ իրականացնելու կոչերի հատկանիշներով: Նաև հարուցվել է քրեական գործ ակցիաների ընթացքում սանիտարահամաճարակային նորմերի խախտման առթիվ:

Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Այս շաբաթասկզբին դատարանը 3,5 տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր գործչին։

Նավալնիի շուրջ իրադարձություններն ուղեկցվում են ռուսաստանյան տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, բողոքի ակցիաներով, որոնց հազարավոր մասնակիցներ բերման են ենթարկվել։

XS
SM
MD
LG