Մատչելիության հղումներ

Նավալնին ժամանեց Մոսկվա և ձերբակալվեց


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կնոջ՝ Յուլիա Նավալնայայի հետ Բեռլին-Մոսկվա օդանավում, 17-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կնոջ՝ Յուլիա Նավալնայայի հետ Բեռլին-Մոսկվա օդանավում, 17-ը հունվարի, 2021թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին կիրակի երեկոյան ձերբակալեցին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանելուն պես՝ անձնագրային կետում։ Ընդ որում, փաստաբանին, ով Նավալնիի և նրա կնոջ հետ էր ժամանում Բեռլինից, թույլ չտվեցին ուղեկցել ընդդիմադիր գործչին։

Ալեքսեյ Նավալնին շուրջ հինգ ամիս բուժվում էր Բեռլինում՝ այն բանից հետո, երբ նրան, Գերմանիայի իշխանությունների հայտարարության համաձայն, փորձել էին թունավորել «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։

Ինքը Նավալնին Բեռլինից ժամանելուց առաջ հետաքննություն էր անցկացրել և պարզել, որ իրեն թունավորել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Նա իր թունավորման համար մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Չնայած թիմակիցներն ասում էին, որ Նավալնիին կձերբակալեն ժամանելուն պես, նա որոշել էր վերադառնալ տուն, գնել էր ռուսական լոուքոսթեր «Պոբեդա»-ի տոմսը և կիրակի օրը ժամանել Մոսկվա։

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայությունը երեկ երեկոյան հայտարարել է, թե ձերբակալել են Նավալնիին, քանի որ նա պատշաճ ձևով չի ներկայացրել ծառայությանը իր գտնվելու վայրը։

Հիշեցնենք, ընդդիմադիր գործչին տարիներ առաջ դատապարտել էին պայմանական անազատության։ Նավալնին այն ժամանակ հայտարարել էր, թե իշխանությունները դա արել են, որպեսզի ինքը չկարողանա մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին։

Նավալնիի օդանավը կիրակի երեկոյան պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ, չնայած շատ ցուրտ եղանակին, հավաքվել էին նրա հարյուրավոր աջակիցներ, և ինքնաթիռն ուշացումով վայրէջք կատարեց մեկ այլ՝ «Շերեմետևո» օդանավակայանում։ Ընդ որում՝ ոստիկանությունը փակել էր «Շերեմետևո» տանող հիմնական մուտքի ճանապարհը՝ ակնհայտորեն փորձելով կանխել ընդդիմադիր գործչի կողմնակիցների մուտքն այնտեղ, իսկ «Վնուկովո» օդանավակայանում մի քանի տասնյակ մարդու նույնիսկ ձերբակալել են։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին երեկ լրագրողները խնդրել են մեկնաբանել այս իրադարձությունները և Նավալնիի ձերբակալությունը։ Պեսկովը, սակայն, ասել է, թե ձերբակալությունից տեղյակ չէ։

Որքան կտևի Նավալնիի ձերբակալությունը, հայտնի չէ։ Amnesty International կազմակերպությունը երեկ երեկոյան արդեն հայտարարեց, թե Նավալնին քաղբանտարկյալ է, իսկ ռուսաստանցի մեկնաբաններն ասում են, որ երեկ տեղի է ունեցել պատմական իրադարձություն, քանի որ ընդդիմադիր գործիչը վերադարձավ Ռուսաստան՝ իմանալով, որ ձերբակալելու են, ձերբակալվելու է, և չվախեցավ՝ ցույց տալով, որ իշխանություններից վախենալու ժամանակն անցել է։

Սրա հետ մեկտեղ՝ քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը, օրինակ, ասում է, թե իհարկե Նավալնին հերոս է և դարձել է Ռուսաստանի թիվ 2 քաղաքական գործիչը Պուտինից հետո, միևնույն ժամանակ՝ Ռուսաստանում հեղափոխության ժամանակը դեռ չի եկել, քանի որ «հեղափոխությունները լինում են, երբ կա պառակտում էլիտայի, Պուտինը սրան ուշադիր հետևում է՝ նման պառակտում թույլ չտալու համար, որ չլինի նաև պառակտում ուժայինների շարքերում»։ «Նման բան Ռուսաստանում այսօր դեռ չկա, թեև արդեն կա լուրջ, իսկական մեծ քաղաքական գործիչ, Պուտինի իրական մրցակից», - հավելում է քաղաքագետը։

Ռուսաստանցի մեկնաբանները, այդուամենայնիվ, միաձայն են նրանում, որ իշխանությունները Նավալնիից այսօր վախենում են։

XS
SM
MD
LG