Մատչելիության հղումներ

Վերսկսվել են Նավալնիի դեմ ևս մեկ քրեական գործով դատական լսումները


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատարանում, Մոսկվա, 5-ը փետրվարի, 2021թ․

Մոսկովյան դատարաններից մեկն այսօր վերսկսել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ ևս մեկ քրեական գործով լսումները։ Քաղաքական գործիչը մեղադրվում է սուտ տեղեկություններ տարածելու, անձի արժանապատվությունը ոտնահարելու մեջ։

Դատական գործընթացն ավելի վաղ դադարեցվել էր Նավալնիի՝ Գերմանիայում բուժվելու պատճառով։

Այս քրեական գործը հարուցվել էր անցած տարվա հունիսին։ Սոցիալական ցանցերում քաղաքական գործիչը հայտարարել էր, թե մարդիկ, ովքեր նկարահանվել են Սահմանադրական փոփոխությունների մասին RT հեռուստաընկերության քարոզչական գովազդում, «ծախված դավաճաններ են»։ Քննությունը պնդում է, որ Նավալնիի այդ խոսքերը վիրավորել են նկարահանումներին մասնակցած 95-ամյա վետերան Իգնատ Արտյոմենկոյին։

Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից Գերմանիայում բուժումը ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել, ապա կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։

Նավալնիի շուրջ իրադարձություններն ուղեկցվում են ռուսաստանյան տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բազմամարդ ցույցերով, որոնց հազարավոր մասնակիցներ բերման են ենթարկվել, հարուցվել է շուրջ հինգ տասնյակ քրեական գործ։

XS
SM
MD
LG