Մատչելիության հղումներ

Ըստ «Շպիգել»-ի, Եվրախորհրդարանը պահանջելու է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը Նավալնիի ձերբակալության պատճառով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Գերմանական «Շպիգել» ամսագիրը գրում է, որ Եվրախորհրդարանը պահանջելու է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով։

Հայտարարության տեքստում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, ասվում է, որ եվրապատգամավորները մտադիր են պատժամիջոցներ պահանջել այն մարդկանց դեմ, որոնք պատասխանատվություն են կրում ընդդիմադիր քաղաքական գործչին ձերբակալելու համար։ Հնարավոր է, որ սառեցվեն նրանց ակտիվները և արգելվի նրանց մուտքը Եվրամիություն։

Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն կատարման համար։

Ավելի վաղ, հիշեցնենք, գազատարի շինարարությունը դադարեցվել էր, երբ գազատարի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Միացյալ Նահանգները, իսկ արտասահմանյան մի շարք ընկերություններ՝ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, հրաժարվել էին շարունակել շինարարական աշխատանքները։

Նավալնին Մոսկվա է վերադարձել հունվարի 17-ին։ Մոսկվա ժամանելուն պես նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի անձնագրային կետում։

Հունվարի 18-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում տեղի ունեցած դատավարությանը նրան դատապարտել են 30-օրվա ազատազրկման։ Փետրվարի 2-ին պետք է կայանա նոր դատավարություն Նավալնիի դեմ «Իվ Ռոշե»-ի գործով։ Մեղադրող կողմը պահանջելու է, որ ընդդիմադիր գործչին դատապարտեն իրական ազատազրկման պայմանականի փոխարեն։

Ռուսաստանյան ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները մի քանի տարով Նավալնիին դատապարտելու են ազատազրկման «Պուտինի պալատը» Նավալնիի սկանդալային նոր ֆիլմից հետո։

Ալեքսեյ Նավալնին հունվարի 19-ին Youtube-ի իր ալիքում հրապարակեց «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» անցկացրած հետաքննությունը Սև ծովի ափին արդեն տասը տարուց ավելի կառուցվող՝ Վլադիմիր Պուտինի աներևակայելի շքեղ ու անճաշակ պալատի մասին, նշելով, թե ռուսաստանցիներից գողացած գումարով երկրի նախագահի ընկերներն իրենց շեֆի համար կառուցել և այսօր էլ շարունակում են վերակառուցել աշխարհի ամենամեծ դղյակը՝ մի ամբողջ քաղաք, որը տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան Մոնակոն։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ սա սուտ է և որ Պուտինը նման դղյակ չունի։ Պեսկովը կոչ է արել ռուսաստանցիներին՝ գումարներ չփոխանցել Նավալնու ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին»։

Նավալնիի թիմակիցներն էլ հայտարարել են, թե հունվարի 23-ին՝ շաբափ օրը, կազմակերպելու են համառուսաստանյան բողոքի ակցիաներ։

Հիշեցնենք, 2020-ի օգոստոսին Նավալնին թունավորվել էր և անգիտակից վիճակում տեղափոխվել Բեռլին՝ բուժման։ Արևմուտքը հայտարարել էր, թե Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։

Նավալնին իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ Պուտինին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG