Մատչելիության հղումներ

Դատարանն օրինական է ճանաչել Ալեքսեյ Նավալնիի կալանքը


Մոսկվայի շրջանային դատարանը քննում է Ալեքսեյ Նավալնիի կալանքի դեմ բողոքը, 28-հունվարի, 2021թ.

Մոսկվայի մարզային դատարանն այսօր օրինական է ճանաչել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կալանքը։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր գործիչը կմնա քննչական մեկուսարանում առնվազն մինչև փետրվարի 15-ը:

Նավալնիի պաշտպանությունը արդեն հայտնել է, որ բողոքարկելու է որոշումը, իսկ ընդդիմադիր առաջնորդը դատավարությանը, որին մասնակցել է հեռավար կապի միջոցով, հայտարարել է, թե այլ որոշում չէր էլ սպասում:

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել և կալանավորվել է հունվարի 17-ին Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես։ Փետրվարի 2-ին Մոսկվայում պետք է կայանա Նավալնիի դեմ հերթական դատավարությունը «Իվ Ռոշեի» հայտնի գործով: Մեղադրող կողմը պահանջում է իրական ազատազրկում Նավալնիի համար՝ պայմանականի փոխարեն:

Այսօր ձերբակալված են նաև Նավալնիի մտերիմ թիմակիցները, այդ թվում՝ նրա հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը, ինչպես նաև ընդդիմադիր գործչի հարազատ եղբայրը՝ Օլեգ Նավալնին: Երեկ խուզարկություն է տեղի ունեցել Ալեքսեյ Նավալնիի կնոջ՝ Յուլյա Նավալնիի վարձակալած բնակարանում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով, և չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո: Թե հատկապես ինչ միջոցներ կարող է կիրառել ԱՄՆ-ը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ, Բլինքենը չի հստակեցրել։ «Մենք խորապես մտահոգված ենք պարոն Նավալնիի անվտանգությամբ, և գլխավորն այն է, որ նրա ձայնը շատ ռուսների ձայնն է, նրանց պետք է լսել, այլ ոչ թե փակել նրանց բերանը», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքն է մեջբերում Reuters-ը:

Երեկ Մոսկվայում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեի աշխատակիցներն առնվազն 15 խուզարկություն են անցկացրել ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մտերիմների ու կողմնակիցների մոտ:

Խուզարկություններ են կատարվել Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովի, Նավալնիի մոսկովյան շտաբի ղեկավար Օլեգ Ստեպանովի և շտաբի կամավոր Ելիզավետա Նեստերովայի բնակարաններում, առանձին՝ Ստեպանովի հոր բնակարանում:

Խուզարկություն է տեղի ունեցել նաև Նավալնիի բնակարանում, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակում և «Նավալնի LIVE» հեռուստաալիքի ստուդիայում, Կոռուպցիայի դեմ հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլի բնակարանում:

Նավալնիի թիմակիցները հայտնել են, որ խուզարկությունների մեծ մասն իրականացվել է սանիտարա-համաճարակաբանական կանոնների խախտման վերաբերյալ քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է հունվարի 23-ի բողոքի ակցիաներից հետո։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Նավալնիի թիմակիցները շարունակում են հրապարակել Կրեմլը և հատուկ ծառայությունները վարկաբեկող նոր հետաքնություններ և հայտարարել են, որ շաբաթ օրը՝ հունվարի 30-ին պատրաստվում են անցկացնել բողոքի նոր ակցիաներ։ Իշխանություններն այդ ակցիաները չեն արտոնում և ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում դրանց մասնակիցների նկատմամբ։

Փորձագետների կարծիքով՝ ներքաղաքական իրավիճակն այսօր Ռուսաստանում վերածվել է Պուտին-Նավալնի կոշտ հակամարտության, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը՝ ի դեմս Նավալնիի կողմնակիցների, չեն ուզում գնալ զիջումների։

Քաղաքագետների մեծ մասը համարում են, որ թեև Նավալնիին այսօր հաջողվել է լուրջ հարված հասցնել Պուտինի հեղինակությանը, այդուամենայնիվ, ընդդիմադիր գործիչն այս պայքարում հաղթելու շանսեր չունի:

Հայտնի քաղաքագետ և տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևի կարծիքով, մասնավորապես, հաղթելու է Պուտինը․ - «Իհարկե հաղթելու է Պուտինը, քանի որ ունի իշխանությունը պահելու բոլոր գործիքնները։ Կրեմլը իշխանությունից հրաժարվելու կամ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու որևէ ցանկություն չունի։ Ցավոք, իշխանությունը գնալու է է՛լ ավելի կոշտ տեռորի ճանապարհով, այլ ճանապարհ այսօր Պուտինը չունի, չունի հնարավորություն տնտեսական լուրջ աճի՝ մարդկանց ուշադրությունը շեղելու, նրանց կյանքը բարելավելու համար, չունի միջազգային ասպարեզում լուրջ հաղթանակների հնարավորություն»։

Քաղաքագետի խոսքով՝ բողոքի այս ալիքն անխուսափելի մարելու է, և բելառուսական սցենարը Ռուսաստանում դժվար թե կրկնվի, նույն մարդաշատ ակցիաները ամիսներ շարունակ, ինչպես Մինսկում էր, Ռուսաստանում դժվար թե լինեն, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասում էր Ինոզեմցևը։

Հավելենք՝ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ բողոքի այս նոր ալիքի հետևում արևմտյան կառավարություններն են, և Նավալնին, իշխանությունների կարծիքով, համագործակցում է այդ կառավարությունների հետ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար։

Արևմուտքն, իր հերթին, շարունակում է ճնշումը Կրելի վրա Նավալնիի պատճառով՝ սպառնալով նոր պատժամիջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG