Մատչելիության հղումներ

Ոստիկանները բերման են ենթարկում Նավալնիի աջակիցների չարտոնված ակցիաների մասնակիցներին


Ոստիկանները բերման են ենթարկում Ալեքսեյ Նավալնիի կոչով բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց, Մոսկվա, 23-ը հունվարի, 2021թ.

Մոսկվայում ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում բանտարկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի աջակիցների չարտոնված բողոքի ակցիան խափանելու համար:

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները խիստ հսկողություն են սահմանում մասնավորապես Պուշկինսկայա հրապարակի շրջանում, որտեղ հավաքվում են ընդդիմադիր ակտիվիստները:

Հրապարակը փակված է մետաղյա արգելապատնեշներով: «Պուշկինսկայա» մետրոյի կայարանի միայն մեկ մուտքն է գործում: Իրավապահները քաղաքացիներին բարձրախոսներով զգուշացնում են չարտոնված ակցիային մասնակցելու համար նախատեսված պատասխանատվության մասին և բերման ենթարկում կարգազանցներին:

Ձերբակալվածների թվում է նաև բլոգերի կինը՝ Յուլիա Նավալնայան: Բողոքի ակցիաներ են նաև ռուսաստանյան այլ քաղաքներում:

Նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի կոռուպցիոն գործարքների մասին վավերագրական տեսաֆիլմերի և հոդվածների հեղինակ, Ռուսաստանի ներկայիս ռեժիմի խիստ քննադատ Նավալնիին անցյալ տարվա ամռանը թունավորել են «Նովիչոկ» տեսակի նյութով:

Գերմանիայում բուժվելուց հետո նա վերադարձել է Մոսկվա, որտեղ անմիջապես ձերբակալվել է՝ հենց օդակայանում: Դատարանը կարգադրել է նրան կալանքի տակ պահել մինչև փետրվարի 15-ը:

Նավալնին կոչ է արել հունվարի 23-ին բողոքի համառուսաստանյան ակցիաներ անցկացնել: Նրան մեղադրում են կոռուպցիայի հոդվածով: Նավալնիի աջակիցները, ռուսաստանցի և արտասահմանցի իրավապաշտպանները, արևմտյան երկրների քաղաքական լիդերները պնդում են, որ ռեժիմը Ալեքսեյ Նավալնիին ներկայացրել է բացառապես կեղծ մեղադրանք, որի միակ նպատակն է լռեցնել ընդդիմադիր առաջնորդին և ահաբեկել նրա աջակիցներին:

Մինչդեռ, փետրվարի 2-ին դատարանը կարող է նրա վերաբերյալ ժամանակին կայացրած պայմանական ազատազրկման դատավճիռը փոխարինել իրականով և քրեակատարողական հիմնարկ ուղարկել Նավալնիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG