Մատչելիության հղումներ

Կայացել է հեռախոսազրույց Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ:

Բայդենի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի, այդ թվում՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության կապակցությամբ: Փսակիի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը: «Այն դեպքերում երբ Ռուսաստանի գործողությունները կվնասեն ԱՄՆ դաշնակիցներին, Վաշինգտոնը վճռական քայլերի կդիմի՝ պաշտպանելով իր ազգային շահերը», - Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ասել է Բայդենը։

Փսակին հայտնել է, որ զրույցի ընթացքում բարձրացված հարցերի թվում էր Բայդենի առաջարկը՝ հինգ տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին պաշտոնամուտի առթիվ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մտքերի փոխանակման կապակցությամբ: Կրեմլը շեշտել է, որ «առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման համար այս կարևոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար»:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և Ուկրաինայում տիրող կացությանը։

XS
SM
MD
LG