Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը՝ չարաշահելով հայկական կողմի անօգնական վիճակը, շեշտում է փաստաբանը


Ադրբեջանում պահվող հայ գերիներ, արխիվ

Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ, որ այժմ Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերիներ են պահվում։

«Այս պահին մենք խոսում ենք 120 հաստատված դեպքերի մասին՝ հաստատված ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից, այլ՝ ապացույցներով, որը մենք ունակ ենք լինելու դնել միջազգային կառույցների, դատական ատյանների առջև», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանը ընդամենը 5 գերեվարվածների մասին խոսելով պարզապես չարաշահում է հայկական իշխանությունների անօգնական վիճակը։ Երեկ Ադրբեջանի գերիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվում է 5 հայ գերի՝ 2-ը՝ զինվորական, 3-ը՝ քաղաքացիական անձինք։

«Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում հայկական կողմին և խախտում է պայմանավորվածություններ՝ շատ քաջ գիտակցելով, որ անօգնական, անպաշտպան վիճակում է գտնվում Հայաստանը և հայկական իշխանությունները։ Չարաշահում է իրավիճակը, և քանի որ իր կողմից ցանկալի անձանց արդեն իսկ ստացել է, հատուկ երաշխիքներ կամ գործոններ, որոնք անվերապահորեն կճնշեն Ադրբեջանին, գոյություն չունեն, այդ առիթից օգտվելով՝ զրկում է անձանց միջազգային իրավական պաշտպանությունից», - ընդգծեց փաստաբանը։

Նախորդ տարեվերջին հայկական կողմն Ադրբեջանին էր վերադարձրել Արցախում դիվերսիայի ու անչափահաս տղայի սպանության համար դատապարտված Ասկերովին ու Գուլիևին։ Նրանք այժմ իրենց հայրենիքում ներկայանում են որպես զոհեր, խոսում ծանր խոշտանգումների մասին։ Փաստաբան Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը գերեվարված հարյուրավոր հայերի ներկայացնում է որպես ահաբեկիչ-հանցագործներ՝ փորձելով փոխել նաև միջազգային հանրության վերաբերմունքը։

«Միջազգային հանրությունը ունեցել է հստակ մոտեցում, որ Ադրբեջանն է ցուցաբերում հայատյացություն և Ադրբեջանն է կատարել հանցագործություններ հայ զոհերի նկատմամբ։ Հիմա հայելային պատկեր են ստեղծում և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պայմաններում միջազգային հանրությունը դրսևորելու է չեզոքություն, որովհետև նշելու է, որ երկու կողմից էլ տեղի են ունենում նույն հանցագործությունները», - նշեց Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանի նախագահն էլ, խոսելով գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել էր, թե նրանք ձերբակալված ահաբեկիչներ են, ռազմագերիներ չեն։ Սրան հետևեց Հայաստանի օմբուդսմենի արձագանքը. – «Նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան»:

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների տեղեկությամբ՝ հայ ռազմագերիներից ադրբեջանական կողմը խոշտանգումների միջոցով ապացույցներ է ստանում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ։

Սիրանուշ Սահակյան կանխատեսում է հետագա սցենարը՝ նրանց շինծու մեղադրանքներ կառաջադրվեն, դատական գործեր կբեմադրվեն, և այս ամենի հետևանքով նրանց վերադարձը կձգձգվի։ Եվրոպական դատարանում էլ գործընթացները ժամանակատար են։ Կարճ ճանապարհն, ըստ Սահակյանի, խնդրի քաղաքական լուծումն է՝ Ադրբեջանն, ի վերջո, խախտում է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» պայմանավորվածությունը։

«Պետք է ակտիվ քաղաքական աշխատանքը տարվի։ Մենք նախկինից ունենք դեպք, երբ անձը դարձյալ ադրբեջանական մամուլում մատուցվել է որպես հանցագործ, և արհեստական քրեական գործեր հարուցված են եղել, բայց հետագայում վերադարձի մաս է կազմել։ Այս առումով, հույս ունեմ, որ շինծու քրեական գործերը նրանք կօգտագործեն այլ նպատակով, բայց քաղաքական աշխատանքի շնորհիվ նշված անձինք ևս կվերադառնան հայրենիք», - ասաց փաստաբանը։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր գյուղերի դիրքերում գերեվարվեցին 74 պահեստազորայիններ։ Ադրբեջանն այժմ նրանց էլ է հանցագործի կարգավիճակ վերագրում։ Գերեվարվածները հիմնականում Շիրակի մարզից են, նրանց հարազատները մինչև այժմ ոչ մի լուր չունեն և ունեն հույս, որ վարչապետի հնարավոր մոսկովյան այցից հետո մի բան կլինի։

«Էսօր արդեն ամիսը կուգա կլրանա, ոչ խաբար ունինք էրեխեքից, ոչ էլ բան», - «Ազատության» հետ զրույցում նշեց գերեվարված Մելս Ամբարդարյանի ազգականը՝ Խաչիկ Ամբարդարյանը։ Նա հայտնեց, որ գերիների հարազատների մի մասը Շիրակից Արցախ են մեկնել, որևէ լուրի սպասում են այնտեղ։

30-ամյա Անդրանիկ Մանուկյանի ազգականը՝ Աննա Մանուկյանը նույնպես շեշտեց՝ սպասում են առաջիկա հանդիպման արդյունքներին։ Թե տղաներին Ադրբեջանում ինչ են վերագրում, տեղյակ չեն. փաստն այն է, որ նրանք գերեվարվել են, կան տեսանյութեր, և գերեվարվել են խաղաղության պայմանավորվածությունից հետո։

«Ինքը պատերազմին էլ մասնակցեց, էդ գեշ, թեժ կռիվների վախտ ինքը մասնակցեց, մահի ճիրաններից էկավ տուն, մահի ճիրաններից փրկված, նորից ծնված։ Չանցած ամիսըմ պատերազմը վերջացավ, տարան, ըսավ՝ «ի՞նչ կա անհանգստանալու, էթամ զինվորներին փոխեմ, գամ, պոստ պահեմ, հմի էլ պատերազմը վերջացել է»։ Արի ու տես, որ բեթարից բեթար էղավ», - ասաց Աննա Մանուկյանը։

Գերիների այս մեծ խմբի վերաբերյալ Եվրոպական դատարանում իրավական պրոցես են սկսել փաստաբաններն ու Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանը, սակայն, առայժմ ՄԻԵԴ-ից ստացած դիմումներն անպատասխան է թողնում։

Եվրոպական դատարանը մինչև այժմ Հայաստանից ավելի քան 200 գերիների վերաբերյալ դիմումներ է ստացել։ Ադրբեջանը միայն 10 գերիների մասով էր հաստատում ներկայացրել, որ, այո, այդ մարդիկ Ադրբեջանում են, փաստաբաններն էլ սպասում էին, որ նրանք՝ այդ 10-ը, շուտով կվերադարձվեն Հայաստան։ Սիրանուշ Սահակյանը տարակուսած է՝ այժմ Ադրբեջանը խոսում է ընդամենը 5 հայ գերիների մասին, ուրեմն՝ մյուս 5-ին էլ են «հանցագործ» սարքել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG