Մատչելիության հղումներ

Ըստ Պաշտպանի, զինված բախման տանող որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը


Ադրբեջանական զինված ուժերի մեքենան Հադրությում, 25-ը նոյեմբերի, 2020թ․
Ադրբեջանական զինված ուժերի մեքենան Հադրությում, 25-ը նոյեմբերի, 2020թ․

Հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, զգուշացնում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանը հիշեցնում է, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կապված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել և այն որևէ կողմի իշխանության մարմին չի վիճարկել: Հետևաբար` որևէ գործոն, ըստ Թաթոյանի, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած՝ զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման, կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ:

Պաշտպանը մատնանշել է երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո, Թաթոյանը տեղեկացնում է, որ պաշտոնական հրատապ հարցումներով դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարություն և Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ինչպես նաև պնդել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետև, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:

«Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը», - հայտարարել է Թաթոյանը։

Պաշտպանը՝ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաև բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ:

Սույն հայտարարությունը Թաթոյանի ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG